Ժամանակավորապես կսահմանափակվի 50 կգ և ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծումը։ Այս որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
«Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում՝ նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը»,– ասված է որոշման մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ՀՀ տարածք ապրանք ներմուծելու համար դիմումատուն պետք է դիմում ներկայացնի էկոնոմիկայի նախարարություն։ Այդ դիմումի հիման վրա նախարարությունը կբաշխի քվոտայով նախատեսված ապրանքի մնացած մասը դիմումատուների միջև և անհրաժեշտ տվյալները կհաղորդի պետական եկամուտների կոմիտե։ Բացի այդ, նախարարությունը կիրականացնի սահմանափակումների հաշվառում՝ համաձայն ներկայում գործող որոշման։
2024 թվականի դեկտեմբերի 21-ի կառավարության նիստում որոշում էր ընդունվել 6 ամիս ժամկետով կենդանի խոզերի ներմուծման քանակի սահմանափակման վերաբերյալ։ Այդ որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանի տարածք կարող է ներմուծվել առավելագույնը 25 000 գլուխ կենդանի խոզ։