Թոմաս դը Վաալ․ Սա փաստաթուղթ է պետությունների միջև կարգավորման, ոչ թե հաշտեցման մասին![]() 20 մարտի 2025 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի փորձագետ, «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը նվիրված իր հոդվածում գրել է, որ բանակցություններում արձանագրված առաջընթացը հիմնականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառության շնորհիվ է, որը «գործարքի հասնելու համար մի շարք զիջումների է գնացել»՝ ընդունել է երկու չհամաձայնեցված դրույթների վերաբերյալ Բաքվի առաջարկները։ Դը Վաալը շեշտել է, որ փաստաթուղթը վերաբերում է պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե հասարակությունների հաշտեցմանը։ Փորձագետը ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ հայտարարել են՝ չեն շտապում Հայաստանի հետ պայմանագիր կնքել, քանի որ այն, իրենց կարծիքով, ավելի մեծ օգուտ կտա ՀՀ-ին, քան Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել հակամարտությունը որպես գործիք՝ իր երկիրը համախմբելու նպատակով, գրում է Jam-news-ը։ Դը Վաալը նշել է մի շարք քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել «խաղաղության պահը բաց չթողնելու» համար։ Նրա կարծիքով, թեև Բրյուսելը և Վաշինգտոնը կարող են առավել ակտիվ դիրքորոշում ունենալ, ամենակարևոր դերակատարը Թուրքիան է։ Նա ընդգծել է, որ թուրք պաշտոնյաները գիտակցում են՝ Փաշինյանի հետ առկա հնարավորությունների պատուհանը կարող է փակվել։ Փորձագետի համոզմամբ, ՀՀ վարչապետի նախաձեռնությունները պետք է արժանանան ավելի դրական արձագանքի Թուրքիայի կողմից։ «Անշուշտ ժամանակն է՝ ավելի համարձակ լինելու և հայտարարելու քայլերի մասին, որոնք կխթանեն Հայաստանի հետ տնտեսական կապերը և որոշակի օգուտներ կբերեն Փաշինյանի կառավարությանը, նույնիսկ եթե որոշվի ամբողջությամբ չբացել հայ-թուրքական սահմանը»,- գրել է դը Վաալը։ Փորձագետը նշում է, որ սա մեծ առաջընթաց է Հարավային Կովկասի կայունության ուղղությամբ, սակայն ամբողջական խաղաղության համար անհրաժեշտ են հավելյալ քայլեր։ Նրա խոսքով, հատկապես կարևոր է միջազգային համատեքստը։ Քանի դեռ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Ուկրաինայի ապագան, հայ հասարակության մեջ մտահոգություններ կան, որ երբ Ռուսաստանը ազատվի պատերազմի ծանր բեռից, կարող է կրկին իր ագրեսիվ հայացքն ուղղել Հարավային Կովկասին։ Այս պայմաններում խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված սկզբունքային համաձայնությունը նվազեցնում է Մոսկվայի միջամտելու հնարավորությունները։ Նրա խոսքով, փաստաթղթում բացակայում են այն բաղադրիչները, որոնք սովորաբար բնորոշ են պատմական խաղաղության համաձայնագրերին, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների համար արդարադատության մեխանիզմները կամ տեղահանվածների վերադարձի իրավունքի վերաբերյալ հստակ երաշխիքները։ Փորձագետը հիշեցրել է, որ երկու ժողովուրդների միջև հակամարտության առանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապագան, փաստացի կարգավորվել է ուժի կիրառման միջոցով։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել տարածաշրջանի վրա, ինչի հետևանքով 100 հազարանոց հայ բնակչությունը լքել է Ղարաբաղը։ Փաշինյանն ընդունել է, որ տարածաշրջանն Ադրբեջանի մաս է, և այս փուլում ակնկալիք չկա, որ նախկին բնակիչները մոտ ապագայում կվերադառնան։ Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության խնդրին՝ դը Վաալը նշել է, որ Բաքուն այն դիտարկում է որպես կարևոր նախապայման՝ վերջնական խաղաղության հասնելու համար։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում առկա ձևակերպումները՝ կապված 1990 թվականի Անկախության հռչակագրի հետ, որոնք, իրենց հերթին, հղում են անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 թվականի բանաձևին, թաքնված տարածքային պահանջ են և պետք է վերացվեն։ Փորձագետը կարծում է, որ այս հարցը կարող է լուծվել ստեղծագործ դիվանագիտության միջոցով, հատկապես որ Փաշինյանն ինքը նախատեսում է մշակել նոր Սահմանադրություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Սակայն, ըստ նրա, ՀՀ վարչապետն արդեն մեծ զիջումներ է արել և այժմ քիչ ռեսուրսներ ունի։ Նա ցանկանում է ընտրություններին ներկայանալ այն հայտարարությամբ, որ ապահովել է խաղաղության պայմանագիր, այլ ոչ թե պարզապես զիջել Ադրբեջանին, ինչպես պնդում են նրա ընդդիմախոսները։ Դը Վաալը մատնանշել է, որ որքան ուժեղ լինի Ադրբեջանի ճնշումը Սահմանադրության փոփոխության հարցում, այնքան ավելի դժվար կլինի Փաշինյանի համար ներկայացնել խաղաղության գործընթացը որպես ձեռքբերում։ Նա հավելել է, որ ՀՀ վարչապետը այս որոշումը ներկայացնում է որպես հայ հասարակության համար հիմնարար փիլիսոփայական ընտրություն՝ «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» միջև։ Փաշինյանն ընտրողներին կոչ է անում ընդունել, որ 2020 և 2023 թվականների ռազմական պարտություններից հետո Հայաստանը պետք է հարմարվի նոր իրողությանը, փորձի կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, խորացնի կապերը Եվրոպայի հետ և նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից։ Բազմաթիվ ուժեր ձգտել են, որ ՀՀ վարչապետի նախաձեռնությունները ձախողվեն, այդ թվում՝ ընդդիմադիրները, հայկական սփյուռքի որոշ կազմակերպություններ և Ռուսաստանը։ «Շատերն են ուզում, որ նա [ՀՀ վարչապետը] ձախողի, մասնավորապես՝ ընդդիմադիրները, հայկական սփյուռքի կազմակերպությունները, Ռուսաստանը։ Ադրբեջանն էլ օգնական չէ այս գործում։ Ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ ասում են, որ չեն շտապում [պայմանագիր ստորագրել] և համարում են, որ խաղաղության համաձայնագիրն ավելի շատ օգուտ կբերի Հայաստանին, քան Ադրբեջանին: Նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն երբեք չի անդրադառնում խաղաղության օգուտներին, որևէ դրական բան չի ասում Փաշինյանի մասին։ Հայաստանի հետ հակամարտությունը դեռևս նրա գործիքն է՝ երկիրը միավորելու համար իր իշխանության ներքո։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ալիևը հանդես եկավ ագրեսիվ ելույթով և ՀՀ հասցեին ուղղեց իր մաքսիմալիստական պնդումները, դժգոհություններն ու մեղադրանքները, որոնք կրկնում է արդեն մի քանի տարի»։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |