ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն առաջ է մղում խաղաղության օրակարգը

ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն առաջ է մղում խաղաղության օրակարգը

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։

«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է 1lurer.am-ը։

Խոսելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցի մասին՝ Գրիգորյանը նշել է, որ դա քննարկվելու է սահմանազատման գործընթացի շրջանակում։

Մինչդեռ արդեն հինգ օր է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել ապատեղեկատվություն՝ պնդելով, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։

ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերի և/կամ դրանց վերաբերյալ տեղեկությունների հետաքննության համար։ Սակայն առայժմ պաշտոնական Բաքուն որևէ արձագանք չի տվել այս առաջարկին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տարբերակի ստորագրման գործընթացի շուրջ։

 Ուշագրավ
---