20 մարտի 2025 - 18:36 AMT
ՄԻՊ. Ուլուբաբյանի գործի վերաբերյալ հատուկ հայտարարություն են տարածել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեղյակ են արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործի մանրամասներին և այդ թեմայով արդեն հատուկ հայտարարություն են տարածել։

«Ընդհանրապես բռնության դեպքերի մասով ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է, և պետք է կարողանանք ոչ միայն կանխարգելել այս դեպքերը, այլև պատշաճ քննություն ապահովել”,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ խոսքը միայն այս դեպքի մասին չէ, քանի որ նմանատիպ մեկ այլ գործի հետ կապված ևս ահազանգ ենք ստացել։

«Ես պահանջելու եմ պատշաճ քննություն իրականացնել, քանի որ սա միակ գործիքն է, որով հնարավոր կլինի պատժել մեղավորներին»,- նշել է Մանսյանը։

Նա չի ցանկացել նշել որևէ դեպք, որի շրջանակում մեղավորները պատասխանատվության են ենթարկվել՝ պարզաբանելով, որ նման տվյալները հավաքագրվում են և կներառվեն իրենց տարեկան զեկույցում։

Մարտի 19–ի երեկոյան Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են քաղաքացիներ, իրավապաշտպաններ ու պատգամավորներ՝ ի պաշտպանություն 2025թ. մարտի 15-ին ոստիկանության Վանաձորի բաժնում մոտ մեկ տասնյակ ոստիկանների կողմից ենթադրյալ ծեծի ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի: Վերջինս նույնպես Քննչական կոմիտեի դիմաց էր: Ակցիայի մասնակիցները փորձեցին նույնիսկ ճանապարհ փակել:

Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Խոսակցությունից պարզ է դարձել, որ դեռ չեն պարզել, թե ովքեր են Տիգրանին ծեծող ոստիկանները: ՔԿ-ից առաջարկել են Տիգրանին լրացուցիչ հարցաքննել, սակայն առաջարկը մերժվել է՝ նշելով, որ փոխարենը Տիգրանը կարող է հերթով ցույց տալ իրեն ծեծող ոստիկաններին: