Մարուքյան․ ԱՆ նախագիծը խախտում է անմեղության կանխավարկածը

Մարուքյան․ ԱՆ նախագիծը խախտում է անմեղության կանխավարկածը

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախագծին, որը, ըստ նրա, խախտում է անմեղության կանխավարկածը։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ արդարադատության նախարարությունը պարզապես պետք է հետ կանչի այս նախագիծը և հաջորդ անգամ «նման խայտառակ առաջարկներով հանդես չգա»։

«Նորություն չէ, որ Արդարադատության նախարարությունը առաջարկել է օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ ֆիզիկական անձի կամ բիզնեսի նկատմամբ վարչական ակտի վիճարկումը չի դադարեցնելու դրա վճարման պարտավորությունը։ Այսինքն, եթե հարկային մարմինները լրացուցիչ հարկ կամ տուգանք սահմանեն, այն պետք է վճարվի մինչև դատարանի վերջնական որոշումը, անկախ նրանից՝ որոշումը բողոքարկվում է, թե ոչ։

2019-2024 թվականների տվյալներով՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարտվել է իր դեմ հարուցված դատական գործերի զգալի մասը։ 10 779 հայցերից 7 163-ի դեպքում դատարանը որոշել է հայցվորների օգտին։ Սա ցույց է տալիս, որ ՊԵԿ-ի որոշումների զգալի մասը հետագայում ճանաչվել է անհիմն։ Միևնույն ժամանակ, վարչական գործերի քննությունն առաջին և վերաքննիչ ատյաններում միջինում տևում է ավելի քան երկու տարի, որի ընթացքում վիճարկվող գումարները մնում են սուբյեկտների տնօրինումից դուրս։ Սա կարող է ազդել նրանց ֆինանսական վիճակի վրա, հատկապես խոշոր գումարների դեպքում։ Եվ ահա երեկ Արդարադատության նախարարը հայտարարեց, որ հանրային քննարկման է հրավիրում այս օրենսդրական նախագծի շուրջ։

Ես գտնում եմ, որ քննարկելու բան չկա։ Արդարադատության նախարարությունը պարզապես պետք է ետ կանչի այս նախագիծը և հաջորդ անգամ նման խայտառակ առաջարկներով հանդես չգա։ Հասկացեք վերջապես, դուք խախտում եք անմեղության կանխավարկածի սկզբունքը, քանի որ օրենսդրական նախագիծը նախատեսում է վճարման պարտավորություն մինչև դատարանի վերջնական որոշումը”,–ասվում է գրառման մեջ։

Մարուքյանը հավելել է, որ սա հակասահմանադրական վարչարարություն է, և իրեն ժողովրդավարական հռչակած ոչ մի իշխանություն նման օրենք ընդունելու իրավունք չունի։

«Արդարադատության նախարարությանը հորդորում եմ հնարավորինս արագ հրաժարվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող այդ նախագծից»,–գրել է նա։

 Ուշագրավ
---