Ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։ Այդ մասին հատնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է «Ազատությունը»։
Հայաստանի կառավարության որոշմամբ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով կբացվի Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։
Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։
2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած հայ-թուրքական բանագնացների չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնություն են ձեռք բերել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար՝ հնարավորինս սեղմ ժամկետում։ Այդ պայմանավորվածության շրջանակում հայկական կողմը վերանորոգել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով մոտ 1 միլիարդ դրամ, սակայն շուրջ երկու տարի անց դեռևս անհայտ է՝ երբ կիրագործվի պայմանավորվածությունը։
Թուրքիայի պաշտոնյանե8y մի քանի անգամ ընդգծել են՝ սահմանը կարող է բացվել միայն այն դեպքում, եթե հայ-ադրբեջանական բանակցություններն ունենան դրական զարգացում՝ շեշտելով, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։