21 մարտի 2025 - 14:54 AMT
ՆԳՆ․ Վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք է գրանցվել

Ներքին գործերի նախարարությունը հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տարածված տեղեկությունները, հայտնում է Արմենպրեսը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այդպիսի միայն մեկ դեպք է գրանցվել։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն», – ասել է նա։

Սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։