ԱԱԾ տնօրեն․ Ամեն ինչ արվում է, որ գերիների և անհետ կորածների հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի ունենա

ԱԱԾ տնօրեն․ Ամեն ինչ արվում է, որ գերիների և անհետ կորածների հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի ունենա

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն Աժ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով ձևավորված հանձնաժողովների միջև փետրվարի 7-ին կայացած քննարկման ավարտին կողմերը հասել են համատեղ աշխատանքի շարունակման վերաբերյալ փոխըմբռնման։

Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքների մասին տեղեկացված են նաև անհետ կորածների ընտանիքները, հայտնում է 1lurer.am-ը։

«Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացրել ենք իրենց այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ և շարունակական աշխատանքի վերաբերյալ»,- ասել է Աբազյանը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել քննարկված հարցերի մասին՝ նշելով դրանց գաղտնի բնույթը։

«Ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա, և արդյունքում արձանագրված այն կետերը, որ հուզում են անհետ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք:

Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրության շոշափում արձանագրել, բայց համոզված եղեք, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ հարցում հաջողություն ունենանք»,- շեշտել է ԱԱԾ ղեկավարը։

Փետրվարի 7-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանային գոտում անցկացվել է Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ու Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի համատեղ նիստը։ Քննարկման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ՝ համաձայնության հասնելով, որ փոխադարձ համաձայնությամբ երկխոսությունը պետք է շարունակվի։

 Ուշագրավ
---