21 մարտի 2025 - 17:57 AMT
ԱՀԾ պետ․ Այս պահին ՀՀ վրա հարձակման վտանգ չկա, բայց իրավիճակն արագ է փոխվում

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ այս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չի տեսնում։

«Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի ու ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում, մենք հետևում ենք իրավիճակին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները գալիս են մի քանի տարբեր երկրներից, սակայն ավելացրել է, որ չի ցանկանում հրապարակել կոնկրետ անուններ։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։