«Հայաստան» խմբակցություն. Շվեյցարիայի նախաձեռնած երկխոսության հարթակը հույսի նշան է

«Հայաստան» խմբակցություն. Շվեյցարիայի նախաձեռնած երկխոսության հարթակը հույսի նշան է

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցությունը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ.

Նշվում է, որ երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունըհույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ, որին խմբակցությունը պատրաստ է ակտիվորեն աջակցել։

Հայտարարության մեջ ընդգծված է, որ այս որոշումը, որը կայացվել է ժամանակին և համահունչ սկզբունքներին, վկայում է Շվեյցարիայի հետևողական հավատարմության մասին միջազգային իրավունքի, համամարդկային հումանիտար արժեքների և ընդգրկուն դիվանագիտության նկատմամբ.

«Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին:

Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Խմբակցությունը բարձր է գնահատել նաև Շվեյցարիայի երկու պալատների պատրաստակամությունն ու Դաշնային խորհրդի հնարավոր ներգրավվածությունը նախաձեռնության իրագործման գործում.

«Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝ աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը»

Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը»,–ասվում է հայտարարության մեջ։

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։

Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։

 Ուշագրավ
---