Փաշինյան․ Իրականությանը չի համապատասխանում, որ գերիների հետ կապված հարց չենք քննարկում

Փաշինյան․ Իրականությանը չի համապատասխանում, որ գերիների հետ կապված հարց չենք քննարկում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով այն տեսակետին, թե Հայաստանի իշխանությունները չեն քննարկում Բաքվում շինծու գործերով պահվող հայ գերիներին հարցը, ասել է, որ դա իրականությանը չի համապաստախանում։

Նա որպես օրինակ է բերել 32 գերու վերադարձը 2023–ին, որի մասին նախապես ոչ մի բան չի ասվել։

«Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում։ Ուզում եմ հետ գնանք 2023 թվականի դեկտեմբեր, երբ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Եթե պատկերացնենք, որ նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի։ 2020–ի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ կոնկրետ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան և դա տեղի չի ունեցել։ Դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետև ես հասկացել եմ՝ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը»,- նշել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ գերիների հարցը մշտապես բարձրացվում է բանակցային բոլոր հարթակներում, սակայն այն չի գտնվում բացառապես Հայաստանի կողմի վերահսկողության տակ, և ցանկացած հայտարարություն պետք է արվի չափազանց զգուշությամբ՝ խուսափելու անհիմն հույսերից ու հիասթափություններից։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

 Ուշագրավ
---