FIP. Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չէ․ Շենքերի տանիքներով զբաղվում են և համատիրությունը, և ՏԻՄ-ը![]() 22 մարտի 2025 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Կառավարության մարտի 13-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շենքերի տանիքների վերանորոգման պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմիններին է վերապահված։ Նա մասնավորապես նշել է. «Մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում այս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել, դա մաքուր ՏԻՄ ֆունկցիա է, իսկ ՏԻՄ-ը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե»։ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) ուսումնասիրել է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքները՝ պարզելու համար, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունը լիովին համահունչ է իրավական իրականությանը։ Ըստ ուսումնասիրության՝ տանիքների վերանորոգման պարտականությունն ուղղակիորեն վերաբերում է համայնքին միայն այն դեպքում, երբ շենքը համարվում է համայնքային սեփականություն կամ պատկանում է համայնքային ենթակառուցվածքների շարքին։ Այսպիսով՝ հարցը միանշանակ չէ և կախված է շենքի կառավարման կարգավիճակից։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, որ համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու տարածքների պահպանությունը, շահագործումը և նորոգումը։ Նա նաև նախապատրաստում է համատիրության հիմնադիր ժողովները և աջակցում դրանց անցկացմանը։ Եթե բազմաբնակարան շենքն ունի համայնքային կառավարմամբ մասեր, ապա համայնքը մասնակցում է սպասարկմանը՝ այդ բնակարանների թվի համեմատությամբ։ Շենքերի պահպանումն իրականացվում է նաև այն դեպքում, երբ դրանք չունեն համատիրություն կամ օրենքով սահմանված կառավարման մարմին։ Այդ նպատակով համայնքի ղեկավարն առաջարկում է ավագանու հաստատմանը վճարների չափերը՝ պարտադիր նորմերի շրջանակում։ Ինչ վերաբերում է համատիրություններին, ապա «Համատիրության մասին» օրենքը նախատեսում է, որ համատիրության հիմնական նպատակներից է բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի կառավարումը։ Համատիրությունն իրավասու է ներկայացնելու և պաշտպանելու շենքի սեփականատերերի շահերը տարբեր մարմիններում։ Այն գործառույթները իրականացնում է անդամների վճարներից, այլընտրանքային եկամուտներից և օրենսդրությամբ չարգելված աղբյուրներից։ Այս ամենից հետևում է, որ վարչապետի այն պնդումը, թե տանիքների վերանորոգումը բացառապես ՏԻՄ գործառույթն է, իրավական տեսանկյունից միանշանակ չէ, քանի որ տանիքը համարվում է ընդհանոր գույք և եթե շենքը ունի համատիրություն կամ կառավարման այլ մարմին ապա տանիքի վերանորոգումը այդ կառավարման մարմինների պարտականությունն է, եթե չունի ապա վերանորոգումն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |