Փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հաջորդ փուլը կմեկնարկի ապրիլին

Փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հաջորդ փուլը կմեկնարկի ապրիլին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները շարունակում են ակտիվ ընթացք ունենալ։ Այդ մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նրա հիշեցմամբ՝ երկխոսությունն արդեն սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ ԵՄ պատվիրակությունը Երևան է ժամանել՝ նպատակ ունենալով վարել ինտենսիվ բանակցություններ, հայտնում է Արմենպրեսը։

«Հաջորդ փուլը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 7-11-ը, երբ կգա երկրորդ պատվիրակությունը։ Մենք բավականին լավ ենք պատրաստվել այս գործընթացին, տարբեր գերատեսչություններում մեր գործընկերները պատշաճ նախապատրաստված են։ Եվ անգամ եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացած են մեր պատրաստվածության մակարդակից»,–նշել է փոխնախարարը։

Հովհաննիսյանը ընդգծել է, որ թեև գործընթացը շարունակվում է ակտիվ տեմպերով, ներկայումս հնարավոր չէ հստակ նշել դրա ավարտի ժամկետը։

«Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են վերջնաժամկետներ նշել։ Այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը, որտեղ նման գործընթացները տևել են 3-ից 6 տարի։ Բայց, կարծում եմ, Հայաստանի պարագայում այդ գործընթացը առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում։ Եվ այս հարցը մենք շարունակում ենք պահել մեր օրակարգում»,– եզրափակել է Հովհաննիսյանը։

Եվրամիության խորհուրդը 2024 թվականի հուլիսին որոշում է ընդունել սկսել երկխոսություն Հայաստանի հետ՝ ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցով։ Հայաստանն ու ԵՄ-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ին միացյալ հայտարարությամբ ազդարարել են երկխոսության մեկնարկը։ Իսկ արդեն 2025-ի փետրվարին Հայաստան է ժամանել ԵՄ փորձագիտական առաքելությունը՝ գործընթացի շրջանակում։

Հովհաննիսյանը պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հնչեցրած հարցին, գրում է Sputnik Արմենիան։

Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյոք վիզաների ազատականացման գործընթացում որոշակիություն կա ժամկետների առումով։

«Դուք արդեն 1 տարի կամ 1 տարուց ավելի բանակցում եք, ինչ-որ որոշակիություն կա՞, թե երբ է այդ հարցը լուծում ստանալու։ Թե՞ մենք ամեն տարի պիտի հավաքվենք այստեղ ու ասենք, որ մենք ինտենսիվ բանակցում ենք, և դա կարող է տևել 2, 3, 4, 5 տարի։ Դուք` որպես հայկական կողմի բանակցող, ի՞նչ խնդիր եք դրել ժամկետների առումով»,– ասել է Գևորգյանը։

Հովհաննիսյանը ընդգծել է, որ Եվրամիության հետ վիզաների դյուրացման համաձայնագրի թերի իրականացումն արդեն բազում դժգոհությունների պատճառ է դարձել։

«Բողոքները բազմաթիվ են և չեն նվազում։ Փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ, կարծում ենք, որոշակիորեն բարելավվել է նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում։ Այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ»,– ասել է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ժամկետներին՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ ինքն էլ ցանկություն կունենար նշել հստակ ժամկետներ, սակայն ԵՄ կողմի պաշտոնյաներն այդ առումով նույն կերպ խուսափողական դիրքորոշում են ցուցաբերում։ Նկատի ունենալով այլ երկրների փորձը՝ այս գործընթացը սովորաբար տևում է 3-5 կամ 6 տարի։

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը հաստատել է որոշումը, որի համաձայն ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը կներառվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում՝ երկրորդ ընթերցման քննարկման համար։

 Ուշագրավ
---