Անկարան պարզաբանել է՝ ՀՀ հետ սահմանը բացվել է բացառապես հումանիտար շարասյան համար![]() 24 մարտի 2025 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել՝ արձագանքելով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք վերագրվել են հայ-թուրքական սահմանի բացման գործընթացին։ Նշվել է, որ ՀՀ հետ սահմանը բացվել է բացառապես հումանիտար շարասյան համար։ Որոշ թուրքական լրատվամիջոցներ հրապարկել էին «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» վերնագրով նյութեր, հայտնում է Ermenihaber-ը։ Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով։ 1992 թվականին ընդունված նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ալիջան սահմանային անցակետին տրվել է Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն հումանիտար օգնության տեղափոխման համար»։ Հայաստանից մեկնած չորս բեռնատարից կազմված մարդասիրական շարասյունը մարտի 22-ին անցել է Ալիջանի սահմանային անցակետով՝ մուտք գործելով Թուրքիա և շարժվել է դեպի Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետ՝ Սիրիա օգնություն փոխանցելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները Սիրիա կհասնեն վաղը կեսօրին և նույն ճանապարհով կվերադառնան Հայաստան։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ Ալիջանի սահմանային անցակետը վերջին անգամ գործարկվել է 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո, երբ Հայաստանն ուղարկել է մարդասիրական օգնություն։ Այդ օգնությունը տեղափոխող բեռնատարները նույն անցակետն են օգտագործել և երկու առանձին դեպքերում՝ տարբեր ամսաթվերով, մուտք ու ելք են իրականացրել։ Բացի դրանից, նշվում է, որ Ալիջանի անցակետն օգտագործվել է 2024 թվականի հուլիսի 30-ին՝ սահմանային բանակցությունների 5-րդ փուլի ընթացքում հատուկ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների համար, ինչպես նաև սահմանային հանձնաժողովների հանդիպումների շրջանակում։ Մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով բացվել է Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |