«Ականատես»․ Ոչ կուսակցական գործիչները կուսակցական հարթակներն օգտագործում են անձնական նպատակով

«Ականատես»․ Ոչ կուսակցական գործիչները կուսակցական հարթակներն օգտագործում են անձնական նպատակով

PanARMENIAN.Net - «Ականատես» դիտորդական առաքելությունը կատարել է վերլուծություն՝ ուսումնասիրելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ներառված թեկնածուների կուսակցական պատկանելությունը։ Մի շարք ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված են անհատներ, որոնք կուսակցության անդամ չեն, սակայն զբաղեցնում են անցողիկ հորիզոնականներ՝ մեծացնելով մանդատ ստանալու հավանականությունը։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակներում կարող են ընդգրկվել ոչ անդամներ, սակայն նրանց բաժինը չպետք է գերազանցի ցուցակի ընդհանուր թեկնածուների 30 տոկոսը։

Վերոնշյալ սահմանափակման հիման վրա, դիտորդական առաքելությունը վերլուծության է ենթարկել տարբեր ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց կուսակցական պատկանելությունը։ Ընդհանուր 372 թեկնածուից 288-ը՝ այսինքն 77 տոկոսը, ներկայացնում է իր կուսակցությունը, մինչդեռ մնացած 84-ը՝ 23 տոկոսը, կամ անկախ են, կամ պատկանում են այլ կուսակցության, որը տվյալ ընտրություններին չի մասնակցում։ Այլ կուսակցությունների անդամների թիվը երեք է՝ երկուսը ներկայացնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը և ընդգրկված են «Իմ հզոր համայնք» ու «Մեր քաղաքը» ցուցակներում, իսկ մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, տեղ է գտել «Դեմոկրատական այլընտրանք»-ի ցուցակում։

Այն կուսակցությունները, որոնց ցուցակներում սեփական անդամների ներկայացվածության մակարդակը ամենացածրն է, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Հայաստանի կոմունիստական կուսակցություններն են՝ համապատասխանաբար 28 և 27 տոկոս անկուսակցականներով։

Ի հակադրություն՝ առավելապես սեփական կուսակցության անդամներից կազմված ցուցակ ունի «Իմ հզոր համայնք» դաշինքը, որտեղ անկուսակցականները կազմում են ընդամենը 10 տոկոս։

Նշվում է, որ թեպետ բոլոր քաղաքական ուժերի ցուցակները ձևավորվել են Ընտրական օրենսգրքի սահմաններում, վերլուծությունը բացահայտել է միտում, ըստ որի որոշ ցուցակներում բարձր դիրքերում են հենց անկուսակցական թեկնածուները, ինչի արդյունքում մանդատների բաշխման դեպքում այդտեղից ընտրվելու հավանականությունը մեծանում է։ Այս օրինաչափությունն առկա է հատկապես «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների, ինչպես նաև «Դեմոկրատական այլընտրանք», Հայաստանի կոմունիստական ու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունների ցուցակներում։ Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ բազմաթիվ անկուսակցական քաղաքական գործիչներ ընտրել են կուսակցական հարթակներն իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար։

Այս երևույթի հիմնական պատճառը դիտարկվում է կուսակցությունների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակը, ինչի հետևանքով քաղաքական գործիչները խուսափում են կուսակցական կապերից։ Այս միտումը արտացոլվել է նաև քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում, երբ որոշ դաշինքների ներկայացուցիչներ դժվարացել են հստակ նշել՝ իրենց դաշինքն ինչ կուսակցություններից է կազմված։

Ստեղծված իրավիճակը հակասում է համամասնական ընտրակարգի տրամաբանությանը և խոչընդոտում է կայուն կուսակցական համակարգի ձևավորմանը։ «Ականատես» դիտորդական առաքելություն։

Գյումրիում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են մարտի 30–ին։

 Ուշագրավ
---