24 մարտի 2025 - 18:09 AMT
ԿԲ նախագահ. Խարդախությունների մեծ մասում մարդիկ իրենք են փոխանցել իրենց անձնական տվյալները

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել է, որ ակնթարթային վարկերի հետ կապված խարդախությունների դեպքերի մեծ մասում քաղաքացիները սեփական կամքով են տրամադրել անձնական տվյալները։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։

Մանավազյանը նշել է, որ քաղաքացիները դիմել են համապատասխան մարմիններին՝ հայտնելով, որ անտեղյակ են իրենց անունով տրամադրված վարկերից, գրում է Արմենպրեսը։

«Մարդը անձամբ չի դիմել վարկ վերցնելու համար, բայց իր անունով վարկ է ձևակերպվել, և անձը պարտավոր է այն վճարել։ Ինչո՞ւ անվտանգային ապահովվածությունը սկզբից դրված չի եղել»,–հարցրել է նա։

Մարտին Գալստյանը, անդրադառնալով պատգամավորի մտահոգությանը, ընդգծել է, որ Կենտրոնական բանկը տեղյակ է իրավիճակին և այն արդեն քննարկման առարկա է դարձել խարդախությունների ենթարկված քաղաքացիների հետ։

«Պայմանավորվածություն ունենք, որ բոլոր դեպքերը կուսումնասիրվեն։ Նախնական քննարկումների արդյունքներով պարզվել է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում քաղաքացիներն անձամբ են տրամադրել իրենց տվյալները խարդախներին»,- ասել է Գալստյանը։

Նա հավելել է, որ խարդախները որոշակի միջոցներով ստանում են տվյալներ, որոնք օգտագործվում են առցանց հարթակների միջոցով վարկերի ձևակերպման նպատակով։ Ըստ նրա՝ ամբողջությամբ առցանց համակարգի վերացումը ևս չի դիտարկվում որպես արդյունավետ լուծում։

«Դա կնշանակի, որ պետք է ֆիզիկապես ներկայանան բանկ, ինչը կբերի լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի»,- ասել է Գալստյանը։

Նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկը ներկայում ուսումնասիրում է առցանց համակարգերի պաշտպանության հնարավոր թերությունները։

«Եթե պարզվի, որ բանկերը համապատասխան ապահովման մեխանիզմներ չեն գործարկել և քաղաքացին վնաս է կրել, ապա տեղի կունենա փոխհատուցում։ Սակայն, նախնական գնահատականով, հիմնականում քաղաքացիներն են անձամբ տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները»,- հավելել է Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ երբ առաջարկները վերջնական տեսք ստանան, դրանք կներկայացվեն հանրային քննարկման։