Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել Մովսես Հակոբյանից և ՊՆ այլ պաշտոնյայից

Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել Մովսես Հակոբյանից և ՊՆ այլ պաշտոնյայից

PanARMENIAN.Net - Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ՝ 4․5 մլրդ դրամի բռնագանձման պահանջով։

«Դատալեքս» համակարգից ստացված տեղեկատվության համաձայն՝ հայցադիմումը ներկայացվել է Զինվորական կենտրոնական դատախազության կողմից՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան։ Հայցը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Դատարանի հետագա տեղեկությունները դեռևս չեն հրապարակվել։ Դատախազությունից ստացված գրավոր պատասխանով նշվում է, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է, և այլ մանրամասներ չկան, հայտնում է Factor.am-ը։

«Հայտնում եմ, որ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվում»,- նշված է պատասխանում։

Հակոբյանի և Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է ընթացք տրվել, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է։

«Ինձնից գումար չեն պահանջում»,- ասել է Հակոբյանը՝ հրաժարվելով խոսել իր դեմ ներկայացված հայցադիմումի մասին։

 Ուշագրավ
---