25 մարտի 2025 - 11:38 AMT
Բագրատյան․ Եթե կանգնեք, Նիկոլը մի օր ստիպված կլինի Ալիևին ասել, որ ոչինչ չի կարող անել

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ֆուտբոլում Վրաստանից կրած պարտություններին, դրանք համեմատել է Հայաստանի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակի հետ։ Նա նշել է, որ բոլոր ժամանակներում անգամ մեծ զորավարներին, որոնք խոշոր հաղթանակներ են կերտել, բայց մեկ պարտության համար հեռացվել են, մինչդեռ այսօրվա Հայաստանում դա չի աշխատում և իշխանությունն իր պարագլխի գլխավորությամբ շարունակում է պաշտոնավարել և հաճույք ստանալ բոլոր ոլորտներում պարտություններից:

«Սյունեցիներ, այդտեղ միջանցք է լինելու, և Հայաստանի հյուսիս, հարավ գնալու համար այդտեղ հերթ եք կանգնելու անցակետերում։ Խոսում եք Նժդեհից: Այդտեղ կան այդպիսի մարդիկ: Եթե դուք տղամարդավարի կանգնեք, այդպիսի բան տեղի չի ունենա, որովհետեւ Նիկոլը մի օր ստիպված կանգնելու և Ալիևին ասելու է, որ այստեղ ոչինչ անել չի կարող, որովհետեւ ժողովուրդը կանգնած է: Ես կարծում եմ, որ սա չի համարձակվի այդպիսի բան անել, որ սյունեցիները իրենց բարձրության վրա կկանգնեն»,–ասել է Բագրատյանը, հայտնում է Aravot.am-ը։

Բագրատյանը նաև քննադատել է երկրի ֆուտբոլային կառույցը՝ նշելով, որ ֆուտբոլում չկա իրական մոտիվացիա, և հարցեր է դրել որոշ խաղացողների մասնակցության, ինչպես նաև մարզիչների ընտրության վերաբերյալ։

Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը շատ քիչ է հասկանում տնտեսությունից ու ֆինանսներից, իսկ նրա նշանակած մարդիկ այդ ոլորտներում ավելի քիչ են հասկանում ու քիչ ազնիվ են։ Նա հավելել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, մղում է Հայաստանին դեպի կործանում, քանի որ ՀՀ-ն կարող է վերածվել բաժանված երկրի՝ Հյուսիսային և Հարավային Հայաստանի։

Բագրատյանը կոչ է արել ժողովրդին կանգնել, քանի որ եթե մարդիկ չեն արտահայտում իրենց դիրքորոշումը, դա կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային կորուստներին ու կործանմանը։

«Նիկոլն Ալիևին ասում է՝ հանգիստ եղիր, այդքան բան մի պահանջիր: Ես մնամ, ամեն ինչ ստանալու ես: Ու այս խաղաղության պայմանագիրը զիջումների սկիզբն է լինելու: Այս մարդը Հայաստանը կործանելու է: Որովհետև եթե սա ամեն ինչ տա ու Հայաստանից մնա, ասենք, մի Հրազդան քաղաք, այդ քաղաքը Նիկոլից հաշիվ է պահանջելու: Դրա համար ժողովուրդը պետք է հիմա իրեն ցույց տա, ցույց տա, որ ինքը փալաս չի”,–ասել է Բագրատյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: