25 մարտի 2025 - 18:03 AMT
ԱԱԾ․ ՀՀ–ն ու Ադրբեջանը քննարկել են ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելու առաջարկը

Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների միջև փետրվարի 7-ին կայացած հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի՝ ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմի ներդրման առաջարկությանը։ Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, հայտնում է Factor.am-ը։

Միաժամանակ կառույցը նշել է, որ այդ մեխանիզմի արդյունավետ իրականացումը պայմանավորված է իրավական, տեխնիկական և կազմակերպչական մի շարք գործոններով։

«Հարցի վերաբերյալ կողմերը դեռևս դիրքորոշում չեն արտահայտել և հարցը մնում է բաց՝ հետագա քննարկման հնարավորությամբ»,- նշված է ԱԱԾ-ի պատասխանում։

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովն իր զեկույցներում անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին ուղղված առաջարկին, ըստ որի՝ առաջարկվել է երկու երկրների միջև հաստատել ԴՆԹ համեմատության անկախ և վստահելի մեխանիզմ՝ անհետ կորածների ճակատագրի հստակեցման համար։

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին։ Հայկական կողմից մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ով օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրել է որոշ մանրամասներ։

Նրա խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա և արդյունքում ձևակերպված հարցերը՝ կապված անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների անհանգստացնող խնդիրների հետ, ստանան անհրաժեշտ արձագանքը։