Զեյնալյան․ ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնությունն արժանացել է եվրոպական երկրների հստակ քաղաքական աջակցությանը

Զեյնալյան․ ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնությունն արժանացել է եվրոպական երկրների հստակ քաղաքական աջակցությանը

PanARMENIAN.Net - Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Քննարկման ժամանակ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն իր հիմնական զեկույցում ընդգծել է, որ նախագիծն արդեն երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է՝ ստանալով հստակ և միանշանակ քաղաքական աջակցություն Եվրոպայի մի շարք մայրաքաղաքներից և համապատասխան ինստիտուտներից, հայտնում է «Արմենպրեսը»:

Զեյնալյանն ընդգծել է. «Պաշտոնյաների և խորհրդարանների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից ու ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ և հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի կողմից Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի։ Քաղաքական աջակցությունը տեսանելի դարձավ թե՛ երկկողմ հանդիպումներում, թե՛ տարբեր միջազգային հարթակներում»։

Զեյնալյանը նաև հիշեցրել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում հնչած հայտարարություններից մեկը. «Կոմիտեն ողջունում է Ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը և հրավիրում է Հայաստանի կառավարությանը, ԵՄ ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան՝ հասնելու այս ռազմավարական նշանակության նպատակին՝ ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի և Կոպենհագենի չափանիշներին լիարժեք համապատասխանությամբ»։

Օրինագծի նոր ձևակերպման համաձայն, ամրագրվել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

Նախագծի քվեարկությանը 64 կողմ ձայնով մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր դիրքորոշմամբ դեմ է արտահայտվել, իսկ «Հայաստան» խմբակցությունն չի մասնակցել քվեարկությանը:

 Ուշագրավ
---