ԱԺ-ն որոշում է՝ Աղազարյանի քրհետապնդման համաձայնություն տալ, թե` ոչ![]() 26 մարտի 2025 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Քրեական գործի համաձայն՝ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Կամավոսյանը Սևանում հանդիպել են Աղազարյանի հետ և առաջարկել 200-300 հազար ԱՄՆ դոլար՝ մանր եղջերավոր կենդանիների արտահանման գործընթացը կարանտինի փուլը շրջանցելու պայմանով կազմակերպելու դիմաց։ Դատախազության վարկածով՝ Աղազարյանն այդ առաջարկին համաձայնություն է տվել, որից հետո կողմերը կրկին հանդիպել են Երևանում՝ Սիրահարների այգում, որտեղ Աղազարյանը հայտնել է, թե արդեն պայմանավորվածություն ունի Սննդի անվտանգության տեսչության հետ և պահանջում է 100 հազար դոլար։ Քաղաքացիական անձինք առաջարկել են նախապես վճարել 20 հազար դոլար՝ մնացած մասը փոխանցելու խոստմամբ, սակայն պատգամավորը մերժել է՝ պատճառաբանելով, որ այդ գումարը անբավարար է, հայտնում է Արմենպրեսը: Մյուս քրեական գործը, որի շրջանակում Աղազարյանը նույնպես հայտնվել է քննության կենտրոնում, առնչվում է 23 հազար դոլար կաշառք ստանալուն՝ Աջափնյակ վարչական շրջանում վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքի կառուցապատման գործընթացին միջնորդելու խոստման դիմաց։ Գործի նյութերով արձանագրվել է, որ խոստացած աջակցությունը կյանքի չի կոչվել, բայց ստացած գումարը չի վերադարձվել։ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները։ Դատախազը տեղեկացրել է, որ ձեռք բերված տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է հաղորդում՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ, որի հիմքով 2023 թվականի դեկտեմբերի 7-ին մեկնարկվել է թիվ 62279123 քրեական վարույթը՝ հարուցված Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է Aysor.am-ը: 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացվել է որոշում՝ թիվ 62298224 քրեական վարույթը միավորել թիվ 62279123 վարույթին։ Նշվել է, որ այս հանգամանքներից դատելով՝ Աղազարյանը, որպես ԱԺ պատգամավոր և պաշտոնատար անձ, իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն՝ արտահանում կազմակերպելու նպատակով, հիմնվելով ենթադրյալ ազդեցության վրա այլ պաշտոնյաների նկատմամբ։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է, թե ինչու է այդ միջնորդությունը ներկայացվել միայն այն բանից հետո, երբ Աղազարյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նա նաև հարց է բարձրացրել, թե դատախազը արդյոք չի համարում հեռախոսային խոսակցությունների հրապարակումը քննության գաղտնիքի խախտում, հայտնում է Aysor.am-ը: «Ես լիահույս եմ, որ դուք միջնորդությանը ծանոթացել եք։ Այսօրվա նիստից հետո նոր գործն ուղարկվելու է դատարան: Վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է, ես հատ-հատ ներկայացրեցի, թե քանի վարույթ է եղել, քանի հեռախոսային խոսակցություն է քննվել: Քանի որ մենք գործ ունենք բազմադրույթ կաշառքի սխեմայի հետ, մենք խնդիր ունենք բազմաբովանդակ քննություն ապահովել և ԱԺ գալ միայն այն ժամանակ, երբ գործը պատրաստ կլիներ ուղարկել դատարան»,-արձագանքել է դատախազը։ Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների և անձնական կյանքի հանրայնացման վերաբերյալ դիտարկումներին՝ դատախազ Աննա Վարդապետյանը պարզաբանել է, որ այդ հարցերը չեն առնչվում ներկայացված միջնորդագրին և այդ մասով պատասխան չի տվել։ Ազգային ժողովում պատգամավոր Հովիկ Աղազարյանըհայտարարել է, իր ելույթի ընթացքում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասել է, որ Աշոտիկ Կամավոսյանին առաջին անգամ հանդիպել է միայն առերեսման ընթացքում, գրում է «Փաստինֆոն»: «Արդյո՞ք չի խախտվում իմ պաշտպանվելու սահմանադրական իրավունքը, երբ դուք գործի մի մասը վերցնում և դատարան եք ուղարկում, այդ մարդն էլ հիվանդ մարդ է, ամեն ինչ կարող է իր վրա վերցնել՝ միայն թե ազատվի այս տանջանքից, դատարանի որոշումն էլ լինի, որ ինձ կաշառք է առաջարկել։ Բա իմ պաշտպանվելու իրավունքն ի՞նչ եղավ, տիկին դատախազ»,- ասել է Աղազարյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ գործի քննության ընթացքում ինքը հնարավորություն չի ունեցել ճանաչել կամ առերեսվել գործի առանցքային վկաներից մեկին մինչև հետաքննության ուշ փուլը, ինչը, ըստ իր գնահատման, սահմանափակել է իր պաշտպանվելու իրավունքը։ Նա նաև կասկածի տակ է դրել վկայի հայտարարությունների արժանահավատությունը՝ մատնանշելով վերջինիս առողջական վիճակը և հնարավոր շահագրգռվածությունը պատասխանատվությունից խուսափելու հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |