26 մարտի 2025 - 15:46 AMT
Աղազարյանն իր հանդեպ մեղադրանքները քաղաքական ճնշում է որակել

Քաղաքացիական պայմանագրից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանրամասներ է ներկայացրել իր վերաբերյալ հարուցված քրեական գործից՝ ընդգծելով, որ տեղի ունեցողը քաղաքական ճնշում է, քանի որ տարբեր թեմաների շուրջ պարբերաբար քննադատել է թիմին, դեմ է արտահայտվել որոշումներին։

«Վարչապետը գնաց ինձ մեկուսացնելու, քաղաքականությունից հեռացնելու ճանապարհով, եթե խաղաղության պայմանագրի հետ կապված հետագա ամեն ինչը լինի մեր պետության համար օգտակար, ապա, ոչինչ, ես այդ գինը կվճարեմ»,- հավելել է Աղազարյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ 2023 թվականի օգոստոսի 8-ին, երբ հանգստանում էր Սևանում, իրեն զանգահարել է Սլավիկ Պողոսյանը՝ շտապ հանդիպում առաջարկելով։

«Ես չեմ գնում Սև ծովեր, Եվրոպաներ, ամեն տարի մեծագույն հաճույքով հանգստանում եմ Սևանում, զանգում է Սլավիկ Պողոսյանն ու ասում, որ շտապ խոսելու բան կա։ Եկավ Սևան, ճանապարհի եզրին մեքենան կանգնեցրեց, դուրս եկավ ու մենք զրուցեցինք։ Ինձ ասաց, թե ընկեր ունի, ով Էմիրաթների հետ կապ ունի ու կարող են ոչխարներ արտահանել, բայց խնդիր կա՝ ոչխարները, երբ արտահանում են, կարանտին կա, տեղափոխում են, ոչխարները քաշ են գցում։ Ինձ ասաց, թե հնարավո՞ր է խնդրել համապատասխան մարմիններին, որ կարանտինային գործընթացներն անցկացնեն ոչխարների տեղակայման վայրում։ Կներեք, մի քիչ գինովցած էի, ասացի՝ չեմ կարող միանգամից պատասխանել, կճշտեմ, կպատասխանեմ»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ զրույցը տեղի է ունեցել միայն Սլավիկ Պողոսյանի հետ, իսկ Աշոտիկ Կամավոսյանը ներկա չի եղել։

«Դատախազն ասում է, որ Աղազարյանի հիմնավորումներն արժանահավատ չեն, որովհետև ապացուցված է, որ Աշոտիկ Կամավոսյանի, Հովիկ Աղազարյանի ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսները սպասարկվել են նույն ալեհավաքում, մի ալեհավաքը չի սպասարկում 5 քառակուսի մետր տեղ, սպասարկում է շատ ավելին, միգուցե, Աշոտիկ Կամավոսյանը մեքենայում նստած է եղել, ո՞նց եք խոսքերս անարժանահավատ գնահատում»,-ասել է պատգամավորը:

Աղազարյանն ասել է, որ Աշոտիկ Կամավոսյանին առերեսման ժամանակ է առաջին անգամ տեսել։ Հետագայում, երբ կրկին հանդիպել է Սլավիկ Պողոսյանին, վերջինիս հետ եղել է Աշոտ անունով անձ, բայց ոչ Կամավոսյանը։

Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, թե այս գործով արվող գործողություններն անուղղակիորեն վնասում են քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին։

Ազգային ժողովը քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։