Ղահրամանյանը՝ Սյունիքում կրակոցների մասին. Անհանգստությունը կա, սակայն վտանգ չկա

Ղահրամանյանը՝ Սյունիքում կրակոցների մասին. Անհանգստությունը կա, սակայն վտանգ չկա

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցներին՝ նշելով, որ անհանգստությունը կա, սակայն վտանգ չկա:

Նրա խոսքով՝ 2000-ական թվականներից ի վեր նման միջադեպեր տեղի են ունեցել երկու կողմից էլ՝ երբեմն հայկական, երբեմն էլ ադրբեջանական զինված ուժերը օդ են կրակել, հայտնում է 1lurer.am-ը։

«Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք, և նույնն էլ իրենք էին անում: Վերջին օրերի այս կրակոցները, քաջատեղյակ եմ, չէին կրում թիրախավորված և ինտենսիվ բնույթ, վիրավորներ չկան»,- ասել է պատգամավորը։

Պատգամավորը շեշտել է, որ չնայած կրակոցների ինտենսիվ չլինելուն, ինքը չի արդարացնում այդ գործողությունները։

Լրագրողների հարցին, թե արդյոք կրակոցների մեջ վտանգ չի՞ տեսնում, Ղահրամանյանը արձագանքել է, որ ցանկացած կրակոց որոշակի ռիսկեր ենթադրում է։

Դիտարկմանը, թե ինչու պաշտպանության նախարարությունը բացահայտ չի տեղեկացնում կրակոցների մասին, պատգամավորը հորդորել է ուսումնասիրել պաշտոնական հաղորդագրությունները:

«Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կարդացել եք, ինչ-որ անհասկանալի բան կա՞ գրած»,-ասել է նա:

Նա չժխտեց, որ անհանգստությունը կա, սակայն վտանգ չկա:

«Նախ՝ իրենք ինտենսիվ չեն կրակում, երկրորդ՝ չեն թիրախավորում մեր դիրքերը, և այսպես ասած այդ անհանգստությունն առաջացնելու համար է արվում մեծ մասամբ, և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար»,- մանրամասնել է պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում նսեմացնել խաղաղության օրակարգը, Ղահրամանյանը պատասխանել է՝ շատ պարզ պատճառով՝ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանագծի երկայնքով արձանագրվող կրակոցները հիմնականում չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։

 Ուշագրավ
---