27 մարտի 2025 - 10:20 AMT
Փաշինյանը` նախկին նախագահներին․ Ես ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26–ին ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ, հիշելով, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել, հայտարարել է, որ նրանք «իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթել են» իր վզին։

«Դրա համար եմ ասում` եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավճելու բան չունենք։ Արա, եթե բանավիճելու բան չկա, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, հերիք ա ներվերներիս հետ խաղաք, ես ձեզ ոտի տակ կտամ»,- հունից դուրս է եկել Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ այն բանակցային վիճակը, որը ժառանգել է Սերժ Սարգսյանից 2018 թվականին, ըստ նրա, «այդ կետից որևէ հնարավոր գործողություն չկար, որը հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան՝ կապիտուլյացիա»։

«Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ, ասաց՝ կապիտուլյացիա։ Այն բանակցային բովանդակությունը, որը 2018 թվականի Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որեւէ հնարավոր գործողություն չկար, որը նույնը տրամաբանության մեջ հնարավոր լիներ ձեւակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Եթե կար, թող այդ գործողությունն աներ, ոչ թե գար ու այս ամբիոնից պատերազմ անոնսեր։ Այսինքն՝ թիվ մեկ կապիտուլյանտը, որ բերել է, պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք չկա․․․ Իրենք ամբողջ գործն ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ իմ վզին։ Բա դրա համար եմ էդ մարդանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք»,–ասել է վարչապետը։

Նշելով, որ նախկին 3 նախագահները հրաժարվում են իր հետ բանավեճից՝ ասել է, որ փոխարենը իրենց մտերմներին են ուղարկում ասուլիսներ տալու։

«Երեք հատ մտքի տիտան ասում են՝ ես էսօր գործ ունեմ։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավիճելու բան չունենք, հետո իրենց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին, բաջանաղներին ղրկում են ասուլիսներ տալու։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք»,–ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և հրաժարվել ուղիղ եթերում բանավեճից՝ նշելով, որ բան չունեն իր հետ բանավիճելու։