27 մարտի 2025 - 12:39 AMT
Չորս հայ շախմատիստ նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր

Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը իրենց հաջող խաղով Եվրոպայի անհատական առաջնության ընթացքում ապահովել են մասնակցություն շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։

Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով գրավել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ տեղերը, հայտնում է «Փաստինֆոն»։

Առաջնության հաղթող է ճանաչվել գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը՝ վաստակելով 8.5 միավոր։ Նա դարձել է պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։