ՀՀ–ն և Թուրքմենստանը բանակցում են Իրանի տարածքով գազի մատակարարման շուրջ![]() 27 մարտի 2025 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։ Թումանյանը նշել է, որ վերջին տարիներին հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցեր են իրականացրել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք նախագծեր՝ կապված էներգետիկայի և հարակից ոլորտների հետ։ Նա առանձնացրել է երեք հիմնական ուղղություն, որոնց շուրջ ընթացել են բանակցությունները, հայտնում է Արմենպրեսը։ «Առաջինը՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել նախապատրաստել գործարք «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման համար, որի հետ կապված տեղի են ունեցել մի քանի փուլերից բաղկացած բանակցություններ։ Դրանց ընթացքում ներկայացվել են հայկական կողմի սպասելիքներն ու տեսակետները և քննարկվել են այդ ծրագրի բոլոր տեխնիկական հատկանիշները։ Ծրագրի էությունը հետևյալն է․ գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան-Հայաստան սահման»,-մանրամասնել է Թումանյանը։ Նրա խոսքով՝ քանի որ այս նախագծի առանցքային գործընկերներից է Իրանը, կողմերը բանակցություններ են վարել նաև Թեհրանի հետ, ինչի արդյունքում Իրանը տվել է իր համաձայնությունը ծրագրի իրագործման համար։ «Ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի ձեռքբերում։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է ՀՀ վարչապետի խորհրդականը։ Նա հավելել է, որ քննարկվել է նաև թուրքմենական գազի հնարավոր արտահանումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան՝ նույն SWOP համակարգով։ Թումանյանի խոսքով՝ վրացական կողմը ևս դրական վերաբերմունք է հայտնել այս նախաձեռնությանը։ «Այս գաղափարի իրագործման դեպքում հետագայում նաև հնարավորություն կստեղծվի թուրքմենական գազը սևծովյան ավազանի երկրների համար հասանելի դարձնելու համար»,-ասել է Արտաշես Թումանյանը։ Նրա խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որը քննարկվել է, վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։ Թուրքմենական կողմը ներկայացրել է իր գնային առաջարկը, որը հայկական կողմի համար համարվել է ընդունելի։ Սակայն, ինչպես նշել է խորհրդականը, դեռևս պարզ չէ՝ ինչ ձևաչափով կարելի է այդ էներգիան արդյունավետ օգտագործել։ «Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը, կարծում եմ, ընդունելի է մեզ համար, սակայն պետք է ասեմ, որ հայկական կողմը դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտել։ Մենք նախ մտածում էինք, որ այն կարելի է օգտագործել Հայաստան-Իրան գազ-էլեկտրաէներգիա ծրագրում, սակայն դրական լուծում դեռևս չունենք»,-նշել է Թումանյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են։ Նրա ներկայացրած երրորդ ուղղությունը վերաբերել է Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան կամ հնարավոր այլ շուկաներ մատակարարման հնարավորությանը։ «Այստեղ գնդակը մեր դաշտում է։ Մենք պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովենք տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում»,-ընդգծել է Արտաշես Թումանյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |