Դատախազությունը քննում է Ղուկասյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները

Դատախազությունը քննում է Ղուկասյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրու նախկին քաղաքապետ, ավագանու թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ: Այդ մասին փոխանցել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է 1Lurer.am-ը։

Համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որում, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը սպառնալիքներ է հնչեցնում ու պահանջում որոշ անձանց ներկայանալ՝ նշելով, որ նրանք խնդիրների են բախվելու։

«Անկախ դիտորդը» հրապարակել է հայտարարություն, որով նշված է, որ իրենք պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Դատախազություն՝ պահանջելով ուսումնասիրել ձայնագրության բովանդակությունը։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է այս թեմային՝ ընդգծելով, որ ձայնագրությունում հնչած խոսքերով պետք է զբաղվեն իրավապահները։

«Ես երաշխավորում եմ, որ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան: Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»,- ասել է Փաշինյանը:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և Փարաքարում կայանալու են մարտի 30–ին։

 Ուշագրավ
---