ՔՊ-ական պատգամավոր․ Մարգարյանի գործը կարճվել էր, հիմա նույն փաստերով վարույթի համաձայնություն եք ուզում

ՔՊ-ական պատգամավոր․ Մարգարյանի գործը կարճվել էր, հիմա նույն փաստերով վարույթի համաձայնություն եք ուզում

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, դիմելով գլխավոր դատախազին, ասել է․ «Վաղեմության ժամկետով քրեական գործերը կարճվել են։ Հիմա եկել եք, նույն փաստերի հիման վրա քրեական վարույթներ հարուցելու համար պատգամավորների համաձայնությունն եք ակնկալում», հայտնում է Panorama.am-ը։

Նա նաև հետաքրքրվել է՝ ինչու համապատասխան վարույթները ժամանակին չեն հարուցվել և ինչու են սպասել, մինչև անցնեն վաղեմության ժամկետները։

Ի պատասխան՝ դատախազը նշել է. «Ձեր հարցին ուղիղ պատասխանել է վճռաբեկ դատարանը. այս դեպքում դու չես կարող սահմանափակել անձի այդ իրավունքը, որը տվյալ դեպքում պահանջում է, որ բացի պրեդիկատից, նաև փողերի լվացում է տեղի ունեցել։ Իսկ տրամաբանությունը բխել է վճռաբեկի նախադեպից, որ չէին կարող միայն նկարագրությամբ ուղարկել։ Մենք հիմա ուղարկում ենք արարքի օբյեկտիվ կողմի նկարագրությամբ»։

Քննարկմանը չեն մասնակցում ոչ միայն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, այլև Տարոն Մարգարյանը, որը դրանից առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով գործընկերներին, որպեսզի չմասնակցեն իր ձևակերպմամբ՝ «կրկեսին»։

Տարոն Մարգարյանն իր տարածած հայտարարությունում շեշտել է, որ այս գործընթացը շարունակվող քաղաքական ճնշումների հերթական դրվագն է, որն ուղղված է իրեն ու իր թիմակիցներին պայքարից հետ պահելուն։

«Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակն ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։

Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում»,- նշված էր Տարոն Մարգարյանի հայտարարության մեջ։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է փակ քննարկում՝ նպատակ ունենալով որոշել իր դիրքորոշումը երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ դատախազության միջնորդությունների վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։

Աննա Վարդապետյանը ԱԺ-ում հանդես է եկել միջնորդությամբ՝ թույլտվություն ստանալու համար պատգամավորներից, որպեսզի նրանց նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնվեն։

 Ուշագրավ
---