Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններն ընդունվել են կառավարության նիստում։
Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում. այն կբարձրանա, հայտնում է Sputnik Արմենիան։
ԵԱՏՄ-ի սահմանած տեխնիկական կանոնակարգերին անցնելու համար նախատեսված ժամանակային փուլը, որը մեկնարկել է դեռ 2016 թվականից, մի քանի անգամ երկարաձգվել է, իսկ վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը։
Սակայն սկսած այդ ամսաթվից՝ ծխախոտային արտադրանքի համար գործում են արդեն միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» պահանջները։ Իսկ ծխախոտի փոխարինիչ այլ արտադրատեսակների պարագայում կիրառվում են նաև Հայաստանի կառավարության սահմանած նորմերը։
Դրա հետևանքով, շուկայում դեռ վաճառվում են հին տուփերով արտադրանքներ, որոնք համապատասխանում են միայն ազգային կանոնակարգերին, բայց չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։
Կառավարության որոշման մեջ ընդգծված է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, իրականացնելով համապատասխան ստուգումներ, արձանագրություններ է կազմել մի շարք արտադրողների և ներմուծողների նկատմամբ, ինչի արդյունքում նշանակվել են վարչական տույժեր։
Դեռ նախորդ տարի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել էր այս հակասությանը՝ մատնանշելով, որ հայկական օրենսդրությունը տարբերություն ունի ԵԱՏՄ կանոնակարգերի հետ։
2–3 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը օրենք էր ընդունել, ըստ որի՝ ծխախոտի տուփերը պետք է լինեն առանց որևէ մարկետինգային նշանի՝ սպիտակ փաթեթավորմամբ։ Մինչդեռ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը պահանջում են, որ տուփերի վրա լինեն հիվանդությունների և ծխախոտի վնասների մասին պատկերներ։ Ներկայում Հայաստանի խանութներում առկա են ինչպես սպիտակ փաթեթներով, այնպես էլ վնասների վերաբերյալ պատկերներով ու մարքեթինգային նշաններով ծխախոտի տարբեր տեսակներ։