Իրավապահ մարմինները ձերբակալել են Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն՝ տեղափոխելով նրանց Երևան, հայտնում է Aysor.am-ը։
Հայտնի է դարձել, որ Մարտուն Գրիգորյանի հորը՝ Կամո Գրիգորյանին, ձերբակալել են շինարարական շեբեն լցնելու համար։
Գյումրիից տեղեկություն է ստացվել, ըստ որի՝ Գրիգորյանի տարեց հորը կալանավորել են այն բանի համար, որ ամիսներ առաջ, իր ազգականի խնդրանքով, թաղամասերից մեկում շեբեն է լցրել։ Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել անգամ մինչ նախընտրական քարոզարշավի սկիզբը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ Գյումրիում հիմա ռեպրեսիաներ են՝ իրավապահները ներխուժել են Մարտուն Գրիգորյանի, ինչպես նաև մի շարք այլ թեկնածուների գրասենյակներ։
Նրա խոսքով, Գյումրիում Մարտուն Գրիգորյանի նախընտրական գրասենյակի խուզարկությունը վերաբերել է «շեբենի» հարցին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Ժողովուրդ ջան, բառացիորեն, այն, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ այսինքն շեբենապատել մեկ-երկու փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը։ Լրիվ նույն բանի համար»,–ասել է նա։
Մամիջանյանը շեշտել է, որ իշխող ուժը շարունակում է ժողովրդավարության մասին խոսել, սակայն իրականում ռեպրեսիաներ է իրականացնում ընդդիմադիրների դեմ։
«Ուզում եմ ֆիքսենք՝ դեմոկրատիա են երգում, բայց բառացիորեն, այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցության երկու անդամի նկատմամբ իրականացվում է ռեպրեսիա։ Դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետևից են եկել, իսկ Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն էլ փորձում են ձերբակալել»,–ասել է նա։
Մամիջանյանը նաև դիմել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ նշելով, որ ընտրություններից հետո նա ստիպված է լինելու շարունակել ապրել նույն քաղաքում։
«Ընտրություններից հետո ինքը շարունակելու է ապրել այդ քաղաքում, գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ, պատվի զգացումով։ Երևանից մարդ բերելով և քո քաղաքացուն բռնել տալով՝ փորձում ես դառնալ քաղաքի ղեկավա՞ր։ Չգիտեմ, թե հետո ինքը ինչպես է Գյումրիում քայլելու։ Ու վստահ եմ, այս գործողություններից հետո՝ հենց մարտի 30-ին, գյումրեցին իր գնահատականը տալու է»,–ասել է նա;
Ըստ Մամիջանյանի, Գյումրին արդեն իսկ մերժում է ՔՊ-ին՝ այդ միտումը ակնհայտ է թե՛ առցանց հարթակներում, թե՛ քաղաքային միջավայրում։
«Դա նկատելի է թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ փողոցներում։ Գյումրիում նաև քննարկվում է, որ անընդունելի է՝ որևէ մեկը ՔՊ-ին ձայն տա։ Դա Սարիկին ձայն չի, դա ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին ձայն տալ է; Սարիկ Մինասյանը համաձայնել է, որ Նիկոլ Փաշինյանը միացնի ռեպրեսիվ ապարատը»,–ասել է Մամիջանյանը։
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և Փարաքարում կայանալու են մարտի 30–ին։