27 մարտի 2025 - 17:17 AMT
Աղազարյանն ու Մարգարյանը զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից

ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ստացել է 65 կողմ և 2 դեմ ձայներ, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տարոն Մարգարյանի մասով միջնորդությունը՝ 67 կողմ ձայն և ոչ մի դեմ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնություն կտա ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկել Աղազարյանին ու Մարգարյանին։

Մարտի 26-ին կայացած նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու քրեական գործի հարուցման նպատակով։

Մարտի 27–ի նիստում Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Տարոն Մարգարյանի վերաբերյալ։