27 մարտի 2025 - 17:53 AMT
Գյումրիում ընտրակաշառքի մասով կան ձերբակալվածներ «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքներից

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում, երկու դաշինքներից էլ կան ձերբակալվածներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը նշել է, որ տվյալ պահին նախաքննությունն ընթացքի մեջ է՝ հավելելով, որ հետագայում հասարակությանը կտրվեն հավելյալ մանրամասներ, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել ԱԺ պատգամավորից այն մասին, թե «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում իրականացված խուզարկությունից հետո Գյումրիի ավագանու անդամ Էմմա Գրիգորյանը Հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել ֆիզիկական ուժի կիրառմամբ։

Օհանջանյանը հերքել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ. «Ավագանու անդամին բռնի ուժ կիրառելու միջոցով Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում, նրա նկատմամբ ուժ չի կիրառվել»։

Նշվել է, որ ՄԻՊ արագ արձագանքման կոմիտեի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից տրվել են բոլոր անհրաժեշտ պարզաբանումները։

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ առավոտից իրականացվող խուզարկությունները կապված են ընտրությունների հետ։

«Ընտրություններին մոտ երեք օր է մնացել։ Ինչ-որ քրեական գործեր են սարքում հորս վրա, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝ հայտնի շեբենի գործն է։ Ես գործի մասին չեմ ծանուցվել, սպասում եմ՝ փաստաբանը գա»,-ասել է թեկնածուն, հայտնում է Panorama.am-ը։

Նա մանրամասնել է, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ են շեբենապատել, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի մարտի 30-ին։ Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքները։