«Արթուն ենք» շարժումը հորդորում է ընդդիմությանը սկսել իմպիչմենտի գործընթաց

«Արթուն ենք» շարժումը հորդորում է ընդդիմությանը սկսել իմպիչմենտի գործընթաց

PanARMENIAN.Net - «Արթուն ենք» շարժումը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը, որոնք հույս են կապում 2026, 2031, 2036 և հետագա տարիների ընտրությունների հետ՝ իշխանության փոփոխություն իրականացնելու համար, այժմ ականատես են դառնում Գյումրիում ընթացող գործընթացներին, որոնք բացահայտում են իշխող համակարգի վերաբերմունքը ընտրությունների հանդեպ:

Շարժումը հորդորում է սկսել իշխանափոխության՝ այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը:

«Քրեական շինծու գործերով ռեպրեսիաների իրականացումը նիկոլական Հայաստանի անփոփոխ դեմքն են, ու դրանք այլևս երբեք չեն փոխվելու ո՛չ 2026 թվականի, ո՛չ 2031 թվականի, ո՛չ 2036 թվականի ընտրությունների ընթացքում։

Հաջորդիվ՝ բոլոր ընտրությունների ընթացքում իշխանությունը հեշտությամբ գտնելու է երկու անձի, որոնց միջև շինծու հեռախոսազրույցների հիման վրա կալանավորելու է ընդդիմադիր թեկնածուների, ընտրական շտաբի անդամների և պարզապես ոչ իշխանահաճո մարդկանց:

Ընդդիմության այն հատվածը, որը ձեռքերը ծալած կնստի մինչև հաջորդ ընտրություններ, կդառնա հանցակիցն այս իշխանությունների հավերժացման գործընթացի և նիկոլի բերած բոլոր աղետների: Բավական է շարժվել նեղ խմբային կամ նեղ անհատական շահերով: Հանրությունը քնած չէ: Հանրությունը տեսնում է քաղաքական ընդդիմության որոշ հատվածների բուռն գործունեության իմիտացիան, 2026 թվականի ընտրություններին մի քանի մանդատ փախցնելու ախորժակը և, միևնույն ժամանակ, հանրությունը վաղուց պատրաստ է վճռական, արդյունավետ պայքարի և չարիքը հաղթահարելու իրական քաղաքական առաջարկի իրացմանը:

Դատապարտում ենք Գյումրիում ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները և կոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության՝ այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը, այլապես իշխանական ռեպրեսիաները շարունակվելու և անպատժելիությունից նոր թափ են հավաքելու 2026 թվականի, 2031 թվականի, 2036 ու հետագա բոլոր թվականների ընտրությունների ժամանակ…»,–ասվում է հայտարարության մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում, երկու դաշինքներից էլ կան ձերբակալվածներ:

 Ուշագրավ
---