Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ըստ նոր կարգի՝ նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասանելի կլինի ծանուցումների պաշտոնական՝ azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում քաղաքացին պետք է նույնականանա «Ես եմ» թվային հարթակով և ստուգի՝ արդյոք իրեն վերաբերող ծանուցում կա, հայտնում է Արմենպրեսը։
Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում ծանուցմանը, ապա «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով կուղարկվի դրա թղթային տարբերակը՝ քաղաքացու հաշվառման հասցեին։ Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումներ» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։ Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։
Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության։