ԱՄՆ 60 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ 60 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 60 օրենսդիր դիմել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ հորդորելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայ քրիստոնյաների դեմ իրականացված էթնիկ զտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան և հայ ռազմագերիների ապօրինի կալանքը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսականները երկկուսակցական նամակով են դիմել ԱՄՆ պետքարտուղարին։

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի հայ բնակչության դեմ իրականացրած էթնիկ զտումներին՝ ԱՄՆ օրենսդիրներն ընդգծել են, որ Բաքուն, որևէ հետևանքի չբախվելով իր գործողությունների համար, Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի միջոցով շարունակում է խաթարել Հարավային Կովկասում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերը։

Նամակի հեղինակներն իրենց դիմումում կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին չօգտվել այն բացառության իրավունքից, որով ԱՄՆ վարչակազմերն անցած տարիների ընթացքում շրջանցել է 907-րդ հոդվածը, և դրա փոխարեն կիրառել օրենքի ամբողջ ուժը՝ ապահովելու համար Ադրբեջանի պատասխանատվությունն իր կատարած հանցագործությունների համար։

«Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի ԱՄՆ-ի մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից»,- նշել են նամակի տակ ստորագրած կոնգրեսականները։

2001 թվականից սկսած ԱՄՆ բոլոր նախագահներն օգտվել են այդ շրջանցման դրույթից՝ մինչև 2024 թվականը, երբ նախագահ Ջո Բայդենը կրկին կիրառել է 907-րդ հոդվածը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---