Լուազոն՝ Բաքվի կողմից համաձայնագրի ստորագրումն ուշացնելու մասին․ «Միայն թույլ հոգիներն են վախենում խաղաղությունից»![]() 31 մարտի 2025 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Նա հայտարարել է, որ տեսանելի պատճառներ չկան դա հետաձգելու համար՝ հավելելով, որ այն կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ «Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը։ Տարածաշրջանը և նրա բնակիչներն արժանի են ինչպես խաղաղության, այնպես էլ իրենց իրավունքների հարգմանը»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Խոսելով ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրի ստորագրման հավանականության մասին այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր նախապայմաններ առաջ քաշել՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ ինքը համաձայնագրի չստորագրման պատճառներ չի տեսնում։ «Խաղաղության համաձայնագրի ստորագրումը հետաձգելու պատճառ չեմ տեսնում։ Այդ համաձայնագիրը թեթևություն կբերի և երկու երկրներին էլ թույլ կտա նայել դեպի ապագա»,–ասել է նա։ Պատգամավորը նշել է, որ հույս ունի՝ Բաքուն իր ջանքերը կուղղի սեփական քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, այլ ոչ թե հարևան Հայաստանի վրա ճնշում գործադրելուն։ «Հուսով եմ, որ Ադրբեջանը կկենտրոնանա ոչ թե իր խաղաղ հարևանին (խմբ․ նկատի է առնվում Հայաստանը) ճնշելու, այլ սեփական քաղաքացիների բարօրությունն ապահովելու վրա։ Հուսամ՝ Հայաստանը իրեն վերջապես ապահովված կզգա հարձակումներից»,–ասել է նա։ Մեկնաբանելով այն իրադրությունը, որ խաղաղության վերաբերյալ համատեղ հայտարարությունից օրեր անց ադրբեջանական կողմը սկսել է տարածել տեղեկություններ՝ իբր Հայաստանի զինված ուժերը խախտել են հրադադարը, Նատալի Լուազոն շեշտել է, որ իրավիճակը բորբոքող հռետորաբանությունը և սխալ ասեկոսեները պետք է դադարեցվեն։ «Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մատնանշել է, որ սահմանային իրադրությունը հանգիստ է։ Խաղաղությունը պահանջում է այնքան քաջություն, որքան պատերազմը։ Միայն թույլ հոգիներն են վախենում խաղաղությունից»,–ասել է նա։ Հայաստանը և Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման և բանակցությունների ավարտի մասին։ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել քննարկումներ ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Սակայն Բաքուն շարունակում է հանդես գալ մի շարք նախապայմաններով, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջով՝ իբր այն պարունակում է տարածքային հավակնություններ, ինչպես նաև պահանջելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս պահանջների հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը պարբերաբար տարածել է տեղեկություններ, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանային ուղղություններով, սակայն դրանք չեն հաստատվել անկախ դիտարկող կառույցների կողմից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |