31 մարտի 2025 - 13:13 AMT
«Մայր Հայաստանը» և Ռուբեն Մխիթարյանը պատրաստ են քվեները տալ Գյումրիում ընդդիմության առաջատար թեկնածուին

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունից ու ձայների հաշվարկից հետո «Մայր Հայաստան» կուսակցությունը հրավիրված հրատապ ասուլիսում կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը՝ պատրաստ է իր քվեները տալ առավելագույն ձայները ստացած ընդդիմադիր ուժին, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նախնական հաշվարկների՝ ոչ պաշտոնական տվյալներով, ավագանու մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր», որի ցուցակը գլխավորել է Սարիկ Մինասյանը, ստացել է 14 մանդատ, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը», որի առաջատարն է Մարտուն Գրիգորյանը, ապահովել է 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» դաշինքը, առաջնորդությամբ Ռուբեն Մխիթարյանի, ստացել է 3 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունը Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ ստացել է 2 մանդատ։

Նշվել է, որ անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի ստացած տոկոսների վերաբաշխումից հետո մանդատների քանակը դեռևս կարող է փոփոխվել։

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ լիովին պատրաստ է իր թիմով աջակցել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք՝ յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից, ինձ համար անգին է։

Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին

Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է»,–գրել է նա։

ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։

Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։