2024-ին hանցագործությունների թիվը ՀՀ–ում նվազել է 1.1 %-ով![]() 31 մարտի 2025 - 14:28 AMT PanARMENIAN.Net - 2024-ին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 40,232, ինչը 434-ով կամ 1.1 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այդ են վկայում ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ ներկայացված տվյալները։ Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: 2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Միաժամանակ, նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը, հայտնում է Արմենպրեսը։ 2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7%-ով (2023 թվականին՝ 20.024 դեպք, 2024 թվականին՝ 20.361 դեպք), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12.848 դեպք, 2024 թվականին՝ 12.253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք): Առանձնապես ծանր հանցագործությունների 2100 դեպքերից 1502-ը հանկարծամահությունների դեպքերն են (2023 թվականին գրանցված առանձնապես ծանր՝ 1678 հանցագործություններից հանկարծամահությունների դեպքերը կազմել են 1132): Այլ խոսքով, եթե առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը ներկայացվեն առանց հանկարծամահությունների թվերի, ապա կարող ենք փաստել, որ 2024 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 598 դեպք՝ նախորդ տարվա 546-ի դիմաց (աճը՝ 52 դեպք կամ 9.5%): Հանցագործության 40.232 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 81.1%-ը, ոչ մեծ (20.361 դեպք կամ դեպքերի 50.6%) և միջին ծանրության (12.253 դեպք կամ դեպքերի 30.5%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 5.2% (2023 թվականին՝ 4.1%), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.7% (2023 թվականին՝ 15.0%): 2014-2024 թվականներին կատարված հանցագործությունների կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների միջին տարեկան տեսակարար կշիռը կազմել է 17.5%, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 19%։ Այս ցուցանիշից բարձր տոկոսներ արձանագրվել են միայն 2014-ին՝ 19.9%, 2015-ին՝ 20% և 2023-ին՝ 19.1%։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2024 թվականին կազմել են 7353 դեպք՝ 2023-ի 7138-ի դիմաց, ինչը նշանակում է 3% աճ։ Նվազում է գրանցվել մի շարք ուղղություններով. հասարակական կարգի, առողջության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 2.2%-ով, սեփականության դեմ ուղղվածները՝ 1.3%-ով, պետական իշխանության և կառավարման դեմ ուղղվածները՝ 3.6%-ով։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու դեպքերի աճ՝ 7.6%, մարդկանց թրաֆիքինգի՝ 89.5%, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների՝ 11.9%, թմրամիջոցների մաքսանենգության՝ 111.4%, խարդախության՝ 9.9% և համակարգչային միջոցներով հափշտակության՝ 25.1% աճ։ Մյուս կողմից, նկատվել է զգալի նվազում՝ հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերում՝ 22.9%, ՃԵԿ խախտումներով հանցագործություններում՝ 11.4%, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերում՝ 33.2%, կողոպուտի դեպքերում՝ 14.9%, գողության՝ 7% և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 14.9%։ Սակայն հրազենով կատարված հանցագործությունները աճել են 15 դեպքով կամ 16%։ Ըստ հաշվետվության՝ 2024 թվականին արձանագրվել է 100 հազար բնակչին բաժին ընկնող 1308 հանցագործություն՝ 2023-ի 1360-ի դիմաց։ Բացահայտման ցուցանիշն աճել է․ 2023-ին գրանցված 40.227 հանցագործություններից բացահայտվել է 8881-ը, նախորդ տարվա 7591-ի դիմաց։ 2023 թվականից սկսած՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում վիճակագրությունը վարվում է միայն հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների վերաբերյալ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ բացահայտումների վիճակագրությունը վարվում էր ըստ քրեական հետապնդման մարմինների վարույթում եղած քրեական գործերի և նյութերի: Բացահայտման ցուցանիշները ներկայացված են ըստ նախաքննության արդյունքների մասին տվյալների (որպես մեղադրյալ ներգրավված լինելու մասին տվյալների): Չի բացահայտվել 31.346-ը (2023 թվականին՝ 33.007-ը)։ Այսինքն՝ 2024 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 22.1%՝ 2023 թվականի 18.7%-ի դիմաց»։ Սակայն միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները նվազել են։ Միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը կազմել է 16.2%՝ նախորդ տարվա 18%-ի դիմաց, ծանր հանցագործություններինը՝ 11%՝ 11.9%-ի փոխարեն, իսկ առանձնապես ծանրերինը՝ 8.3%՝ 2023-ի 9.5%-ի դիմաց։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքերից 3007-ը (40.9%) գրանցվել են Երևանում, իսկ մնացածը՝ մարզերում։ Այս համամասնությունը նախորդ տարի կազմել է համապատասխանաբար 36.6% և 63.4%։ 2024-ին նվազել է նաև մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը․ գրանցված 7350 դեպքերից բացահայտվել է 1066-ը կամ 14.5%, ինչը 2023-ից պակաս է 1.3%-ով և ընդհանուր բացահայտման ցուցանիշից ցածր է 7.6%-ով։ «Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է սպանության դեպքերի աճ՝ 8-ով կամ 14.5%-ով (2023 թվականին՝ 55 դեպք, 2024 թվականին՝ 63 դեպք). Երևան քաղաքում սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով»,- նշված է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |