Գերմանիայի նախագահ․ ՀՀ–ն Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման հարցում կառուցողականություն է դրսևորում

Գերմանիայի նախագահ․ ՀՀ–ն Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման հարցում  կառուցողականություն է դրսևորում

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանը վերջին շաբաթներին դրսևորել է զգալի կառուցողականություն, և երկու երկրների միջև արդեն համաձայնեցված խաղաղության փաստաթղթի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա։

Գերմանիայի նախագահն այd մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։

Գերմանիայի ղեկավարը, խոսելով Երևանի կողմից խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, նշել է, որ իր հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի հետ շեշտվել է՝ տարիների ընթացքում աշխարհը լուրջ հետևանքներ է կրել հակամարտությունների պատճառով, և դրանց արդյունավետ կարգավորումը գնալով ավելի է բարդանում։

Գերմանիայի նախագահի կարծիքով՝ այժմ վճռորոշ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կատարեն վերջին անհրաժեշտ քայլերը՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան և այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի և իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, և այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել»,-ընդգծել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Շտայնմայերը հավելել է, որ Հարավային Կովկասում ապրող ժողովուրդներն ակնկալում են երկար տարիներ շարունակված հակամարտության ավարտ, ինչը նաև տնտեսական առաջընթաց կխթանի։

«Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից»,-ընդգծել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---