Անհետ կորածների ծնողներն ու պատգամավորներն ԱԺ–ում վիճել են

Անհետ կորածների ծնողներն ու պատգամավորներն ԱԺ–ում վիճել են

PanARMENIAN.Net - Անհետ կորածների հարազատները մարտի 31-ին հերթական անգամ գնացել են ԱԺ` հանդիպելու պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով։

Անհետ կորածների հարազատներն ու պատգամավորները վիճել են Ազգային ժողովում։ Դահլիճից լսվել են գոռոցներ, բղավոցներ, հայտնում է Panorama.am-ը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նիստերի դահլիճից դուրս է եկել հուզված։

«Չեմ լացում, ժողովուրդ, լավ չեմ զգում, գնում եմ լվացվելու»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ ներսում «ոչ մի աղետալի բան չի կատարվել»։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիճել են անհետ կորածների հարազատներն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նազարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ է եղել փակ դռների հետևում։ Նա ընդգծել է, որ հարազատներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրել է, թե ինչ է արվելու այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդու մարմինն է։ Պողոսյանը մի պատասխան է տվել, ինչից հետո Նազարյանն ընդհատել է ու փորձել է պարզաբանում տալ։

«Ես Պողոսյանին ասացի, որ խոսքն այն մասին է, թե ինչ պետք է անի պետությունը, երբ մի քանի անգամ ԴՆԹ փորձաքննություն է արվել ու հաստատվել է, որ պատկանում է այսինչ հերոսին, բայց ծնողները հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ցանկանում ընդունել իրականությունը։ Այդ ժամանակ մի քանի ծնողներ վրդովվեցին»,– ասաց անկախ պատգամավորը։

Նա ընդգծել է, որ անհետ կորածների ծնողներին բարկացրել է այն փաստը, որ իրենց որդիներին ողջերի մեջ չեն փնտրում, այլ զոհվածների։

«Մի քանի ծնող թյուր ընկալեցին, թե ես ինչ եմ խոսում, դա իրենց խնդիրն է»,- ասել է Նազարյանը։

ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն էլ նշել է, որ ծնողները պնդում են՝ պահանջելով վստահելի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ ստացված մասունքներն իսկապես իրենց զավակներինն են, որպեսզի հանգիստ խղճով կարողանան նրանց հուղարկավորել։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, չցանկանալով բացատրել վեճի պատճառները, ասել է միայն, որ ծնողներից մեկը Գեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ է ունեցել, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հինգ տարի՝ ինչպես գիտեք՝ նույն վիճակն է։ Ասում են՝ անում ենք, ինչ ասեմ՝ անում են»,- ասել է Ղուկասյանը՝ անդրադառնալով անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերին։

2025 թվականի փետրվարի 7-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին կայացել է Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ու Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է մոտ 200 հայ զինվոր։ Հայաստանը 44–օրյայից հետո Ադրբեջանին է փոխանցել 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։

 Ուշագրավ
---