Մելոյան. Եթե Գյումրիի թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև քվեարկության 2-րդ փուլ կլինի

Մելոյան. Եթե Գյումրիի թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև քվեարկության 2-րդ փուլ կլինի

PanARMENIAN.Net - Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքում իր էջում ներկայացրել է Գյումրիի ավագանու ընտրության ընթացակարգն ու հնարավոր զարգացումները։

Նա հայտնել է, որ եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ։

«Ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ։

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է. 1. «Քաղաքացիական պայմանագիր»-14 մանդատ. 2. Կոմունիստական կուսակցություն-8 մանդատ. 3. «Մեր քաղաքը»-6 մանդատ. 4. «Իմ հզոր համայնք»-3 մանդատ. 5. «Մայր Հայաստան»-2 մանդատ։

Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության 2–րդ փուլ։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։

Բայց Առկա է ավագանու նիստի կայանալու հարց։ Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։ Եվ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։ Հետևաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, և «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է»,–գրել է նա։

ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։

Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։

 Ուշագրավ
---