ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը: Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև ներողություն է հայցել Գյումրիում իր պահվածքի համար։

«Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ:

Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:

Ըստ այդմ՝ բոլորից հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ:

Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:

Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել էր, որ Էթիկայի հանձնաժողով չի ստեղծի ոչ Վիլեն Գաբրիելյանի, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանի վարքի քննարկման համար։

Նա նշել է, որ Վիլեն Գաբրիելյանի վարքի շուրջ քննարկումները մնում են կուսակցության ներսում, և առայժմ չեն դարձել արտաքին հարց, հայտնում է «Փաստինֆոն»։

«Չեմ ասի, որ խրախուսելի էր, բան չունեմ ասելու՝ քննադատելի էր, բայց դա մեր ներքին գործն է, մենք գնահատական կտանք մեր ներսում»,-ասել է Ղազարյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ ոչ Անդրանիկ Քոչարյանի, ոչ Վիլեն Գաբրիելյանի հետ կապված միջադեպերը դեռ ՔՊ-ում չեն քննարկվել։

Ղազարյանը հավելել է, որ էթիկայի հանձնաժողովի կազմավորումը չի նախատեսվում այս դեպքերի համար։

«Էթիկայի հանձնաժողով կձևավորվի, բայց այս հարցերի շուրջ չէ, որ պետք է ձևավորենք։ Ամեն դեպքում նման քննարկում մենք այս պահին չունենք»,- նշել է նա։

Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադդրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է` կուրախանամ։

Ավելի ուշ նա հայհոյել է լրագրողներից մեկին, վիճաբանություն է սկսվել։ Ապա լրագրողներից մեկի պահանջին, թե հայհոյելու համար ներողություն խնդրեք և մանդատը վայր դրեք, Գաբրիելյանը ասել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։

 Ուշագրավ
---