Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է միջխորհրդարանական հանդիպում կազմակերպելու ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է Խանդանյանը։
Նա նշել է, որ իրեն պոպուլիստ են անվանել։
«Ադրբեջանցի իմ գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակը»,–գրել է Խանդանյանը։
Նա հավելել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ։
«Առաջարկս մնում է սեղանին. ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումների մեջ՝ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: