Երևանում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի պրեմիերան

Երևանում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի պրեմիերան

PanARMENIAN.Net - Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերայի պրեմիերան: Ճգնավորյանը ներկա է գտնվել բեմադրությանը։

Ճգնավորյանը պատմել է, որ վաղ տարիքից ներշնչված է եղել պարսիկ դասական գրող Ֆիրդուսիի «Ռոստամ և Սոհրաբ» էպոսով։

«Ռոստամի և Սոհրաբի պատմությանը մանկուց եմ սիրահարված։ Միշտ եմ ցանկացել օպերա գրել, բայց ուժ չունեի։ Ավարտեցի Վիեննայի ակադեմիան, վերադարձա Պարսկաստան և 1961 թվականին սկսեցի այդ նախագիծը։ Վաթսունհինգ տարի անցավ, մինչև օպերան բեմադրվեց։ Գաղափարը ծագեց 65 տարի առաջ, բեմադրվում է 65 տարի հետո։

Ութ տարբերակ եմ գրել։ Երբ Պարսկաստանում սկսեցի գրել, պահանջ զգացի, որ մի մեծ վարպետի ցույց տամ այն և խորհրդակցեմ նրա հետ։ Այն ժամանակ մտածեցի գնալ Ստրասբուրգ՝ միջազգային ճանաչում ունեցող մեծ կոմպոզիտոր Կառլ Օրֆի մոտ։ Երբ հանդիպեցի նրան, լսեց օպերայի մի քանի հատված ու առաջարկեց մնալ Ստրասբուրգում և ավարտել օպերան։ Ուսանող էի, չէի կարող մնալ, իսկ նա ինձ ասաց, որ Ստրասբուրգում մնալու մեկ տարվա ծախսը հոգացել են։ Ասաց՝ գնա, նստի, օպերան գրի։ Զարմանալի է, չէ՞։ Դժվար օպերա էր”«–ասել է նա, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։

Օպերան կոնցերտային տարբերակով մի քանի անգամ կատարել է Վիեննայում, Անգլիայում, Մեքսիկայում, Հայաստանում, բայց այն երբեք չի բեմադրվել։

«Երջանիկ եմ, որ այժմ այն կատարվում է»,- ասել է մաեստրոն։

Բեմադրության ռեժիսորն ու պարային լուծումներն իրականացրել է իրանցի Յարթա Յարանին, ով ներկայացրել է հոր և որդու՝ Ռոստամի ու Սոհրաբի ողբերգական առճակատումը մինիմալիստական, բայց յուրօրինակ մոտեցումներով՝ պահպանելով պատմության հուզական լարումը։

Օպերայում Ռոստամի կերպարը մարմնավորել է Արման Առաքելյանը, Սոհրաբի դերում հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, Թահմինեին մարմնավորել է Լուսինե Մակարյանը, Ֆիրդուսիի դերում եղել է Ռոման Խնկոյանը։

Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---