Իրանի ԱԳ փոխնախարար․ Շատ լավ նորություն է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջանական տեսքի է բերվել

Իրանի ԱԳ փոխնախարար․ Շատ լավ նորություն է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջանական տեսքի է բերվել

PanARMENIAN.Net - Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման փաստը՝ շեշտելով դրա կարևորությունը տարածաշրջանի համար:

«Շատ լավ նորություն է, որ համաձայնագիրը վերջանական տեսքի է բերվել։ Մեր կարծիքով, որքան շուտ ստորագրվի այդ փաստաթուղթը, այդքան լավ կլինի երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։

Իրանի ներկայացուցիչը ընդգծել է, որ տարածաշրջանը երկար ժամանակ վկա է եղել արյունահեղության, ատելության և ռազմական բախումների, և ըստ նրա՝ այժմ եկել է դրանց վերջ դնելու պահը, գրում է Auroranews.am-ը։

Նա կոչ է արել ուշադրություն դարձնել այն հնարավորություններին, որոնք կարող են ի հայտ գալ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացման համար։

«Իրանը, որպես երկու երկրների բարեկամ, պատրաստ է բարեկամության ձեռք մեկնել Հայաստանին և Ադրբեջանին, չենք վարանի անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար»,-ասել է Ռավանչին։

Իրանի փոխարտգործնախարարը փաստել է, որ երկու պետությունների միջև նախկինում լուրջ տարաձայնություններ են եղել, սակայն հավելել է, որ զինված հակամարտությամբ դրանց լուծում գտնել չի կարելի, քանի որ նման տարբերակները լինում են կարճաժամկետ։

«Անցյալը անցյալում է։ Հիմա ժամանակն է, որ երկու ժողովուրդներն էլ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան հարաբերությունները կարգավորելու համար»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան և նկատել, որ տնտեսական դաշտում մեծ ներուժ կա և խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---