Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՀՀ–ին ուղղված վերջին պահանջներին, Տելեգրամի իր ալիքում կիսվել է ադրբեջանցի երկու փորձագետների քննարկումից մի դրվագով, որտեղ մեկը նշում է, որ միջազգային իրավունքում անընդունելի է, որ է որևէ պետություն մեկ այլ պետությունից սահմանադրություն փոխել պահանջի։
Հայրապետյանը նշել է, որ եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող իշխանություն, Ալիևը երբեք չէր կարողանա նման նվաճումների հասնել։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Այս երկու պայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի»,- ասել է Ալիևը գերմանացի գործընկեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։
«Այդ համատեքստում ցանկացա կիսվել ադրբեջանցի երկու փորձագետների քննարկումից մեկ այլ դրվագով, որտեղ մեկը նշում է, որ միջազգային իրավունքում անընդունելի է, թե ինչպես կարող է որևէ պետություն մեկ այլ պետությունից սահմանադրություն փոխել պահանջի։
Նա իրավացի է, եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող իշխանություն, Ալիևը երբեք չէր կարողանա նման նվաճումների հասնել․․․ Ես դեռ երկու տարի առաջ մի գրառում էի արել ու համեմատել «Խաղաղության պայմանագրի» մասին խոսույթը Աղայանի հեքիաթի հետ՝ կանխատեսելով՝ «Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի «երանելի» պայմանագրի ստորագրման համար: Դրանք կլինեն թե՛ տարածքների ու իրավունքների զիջման և թե՛ արժանապատվության ու գաղափարական դաշտում մեզ նսեմացնելուն և քայքայելուն ուղղված քայլեր», իսկ Փաշինյանն էլ դրանք կկատարի։ Ցավոք, դա իրողություն է դարձել…»,–գրել է Հայրապետյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։