ԵԽ՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում, դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

ԵԽ՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում, դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ինՀայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված նիստում դատապարտել է ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպայի հանուն արդարության և ժողովրդավարության հայկական ֆեդերացիան(EAFJD)։

Եվրոպացի մի շարք պատգամավորներ անցկացրել են համադրություններ պատմական ողբերգության և վերջին ժամանակների դեպքերի միջև՝ ընդգծելով, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խուսափել պատմական պատասխանատվությունից, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ, հայտնում է Արմենպրեսը։

«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով», – նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։

«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշեցրել է իր ընտանիքի ողբերգական պատմությունը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից։

«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են», – ընդգծել է նա։

Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, խստորեն քննադատել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումը՝ մատնանշելով, որ Թուրքիայի կողմից արդեն 110 տարի շարունակվում է հայկական տարածքների բռնակցման փորձը։ Նա միևնույն ժամանակ կոչ է ուղղել ԵՄ-ին՝ ավելացնելու ճնշումը Թուրքիայի վրա՝ ստիպելով վերջինիս ընդունել պատմական հանցագործությունները։

«Կանաչների» խմբակցությունից Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ Եվրամիությունը այլևս չի կարող ընտրողական մոտեցում ցուցաբերել։

«Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը», – հավելել է նա։

Եվրոպացի պատգամավորները խստորեն քննադատել են նաև ԵՄ-ի շարունակվող կապերն Ադրբեջանի հետ՝ հատկապես գազի մատակարարման ու Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանումը՝ անտեսելով մարդու իրավունքները։

«Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ», – նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ թեկուզ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։

EAFJD-ն իր երախտագիտությունն է հայտնել այն եվրոպացի պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միևնույն ժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների հարցը։

Կազմակերպության ղեկավարությունը քննադատել է ԵՄ գործադիր կառույցներին՝ «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։

Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները չեն կարող արդարացվել և կոչ են արել Եվրամիությանը որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքական մոտեցում, որտեղ մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը գերակայում են տնտեսական շահերին։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---