Հայաստանը վավերացրել է գենդերային հավասարության վերաբերյալ առանցքային միջազգային փաստաթղթերը և շարունակում է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը միջազգային պարտավորություններին։ Այդ մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ասել է Ժնևում կազմակերպված ՄԱԿ-ի «Կայուն, ներառական, գիտահեն և ապացուցահեն լուծումների առաջխաղացում ԵՏՀ տարածաշրջանում 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների համար» խորագրով միջազգային համաժողովին։
Այս համատեքստում նա հատուկ անդրադարձ է կատարել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության, ՀՀ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի և Գենդերային քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացի կարևորությանը։
Միջոցառմանը ներգրավված են եղել մի շարք պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քաղաքականության մշակմամբ զբաղվող փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր՝ քննարկելու 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգով ստանձնած պարտավորությունները և դրանց լուծման նորարարական ու փաստահեն տարբերակները։
Համաժողովի ընթացքում Դավիթ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակել է հետևողականորեն իրականացնել Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացումը՝ հիմնվելով բարեկեցության, մարդկային կապիտալի առաջխաղացման, կայուն տնտեսական վերելքի և մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Այս շրջանակում փոխնախարարը հատուկ ուշադրություն է դարձրել ներառական ու որակյալ կրթության զարգացման, մատչելի և արդյունավետ առողջապահական համակարգի ապահովման և սոցիալական պաշտպանության ճկուն ծառայությունների ստեղծման ուղղությամբ տարվող քայլերին։
Նա ընդգծել է նաև խոցելի խմբերին ուղղված ծրագրերի, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, երեխաների պաշտպանության համակարգերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով միջազգային արձագանքման մեխանիզմների դերի կարևորությունը։
Համաժողովի շրջանակում Խաչատրյանը մասնակցել է նաև «Peer learning round table․ SDG 5 Gender Equality» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում ընդգծել է. «ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հավասար և լիարժեք մասնակցությանը, գենդերային հավասարության ապահովմանը, սոցիալական երաշխիքների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների երաշխավորմանը»։
Դավիթ Խաչատրյանը իր ելույթում նշել է նաև, որ «կանանց տնտեսական հզորացումը Հայաստանի համար շարունակում է լինել առաջնահերթություն, և պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ կանանց ներուժի բացահայտման, նրանց տրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման և այլ ուղղություններով»։
«Bridging the Digital Gender Divide for Women’s Economic Empowerment» խորագրով ուղեկցող միջոցառման ընթացքում փոխնախարարը խոսել է այն մասին, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները նպաստում կանանց ու աղջիկների հզորացմանը, գենդերային հավասարության առաջխաղացմանը, ինչպես նաև՝ նրանց տնտեսական զարգացմանն ու կայունությանը։ Ըստ նրա՝ թվայնացման ընթացքը, հատկապես գյուղական համայնքներում բնակվող կանանց համար, բացել է մասնագիտական աճի, սեփական բիզնեսի ստեղծման և կայուն եկամտի ապահովման նոր հնարավորություններ։
Որպես դրական օրինակ՝ Դավիթ Խաչատրյանը նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկած Թվային գրագիտության զարգացման դասընթացը, որը նախատեսված է մարզաբնակ կանանց համար և ուղղված է նրանց թվային կարողությունների ընդլայնմանը՝ հնարավորություն տալով կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, ստեղծել թվային բովանդակություն և ապահովել զբաղվածություն։