Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցում առանձնացրել է Հայաստանի իրավիճակն իրավունքի, ազատությունների և արդարադատության ոլորտներում՝ անդրադառնալով դատական համակարգին, անվտանգային միջավայրին, հավասար հնարավորություններին և անձնական ազատությունների ապահովմանը։
Հայաստանին վերաբերող բաժնում ասվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությունից հետո մոտավորապես 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք մնացել է օկուպացված, հայտնում է «Առավոտը»։
Նշվում է, որ ադրբեջանական ուժերն իրենց դիրքերը մոտեցրել են հայկական բնակավայրերին, ստիպելով որոշ քաղաքացիական անձանց լքել իրենց տները և հանգեցնելով սահմանամերձ որոշ գյուղերի բնակչության նվազմանը:
Նշվում է նաև, որ 2023 թվականի վերջին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի ներհոսքը բնակարանային ճգնաժամ է առաջացրել Հայաստանում: Հազարավոր մարդիկ մերժել են կառավարության աջակցությունը սահմանամերձ շրջաններում բնակվելու համար՝ փոխարենը նախընտրելով ավելի ապահով ժամանակավոր կացարաններ մայրաքաղաքի մոտակայքում:
Զեկույցում ասվում է, որ 2024 թվականին սահմանազատման գործընթացի շրջանակներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գույքի սեփականատերերը կարող էին դիմել ֆինանսական փոխհատուցման համար, սակայն կառավարությունը չի հրապարակել տրամադրված գումարների չափը, ինչը մարդու իրավունքների պաշտպաններին ստիպել է կասկածի տակ առնել, թե արդյոք փոխհատուցումը արդար կամ համաչափ է եղել:
Զեկույցում Հայաստանի վերաբերյալ բաժնում առանձին ուշադրություն է հատկացվել երկրի ընտրական գործընթացներին: