4 ապրիլի 2025 - 16:09 AMT
Մարտուն Գրիգորյան․ «Մեր քաղաքը» կապահովի անհրաժեշտ թվով կողմ ձայներ Ղուկասյանին

«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կապահովի բավարար քանակությամբ քվեներ՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությունը երաշխավորելու համար։

Նա հայտարարել է, որ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։

«Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և «Մեր քաղաքը» դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։

Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։ Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։ Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։

Ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։ Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։

Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։

Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։

Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։

Սիրելի գյումրեցիներ ու հատկապես մոտ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։ Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։

ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ»,–ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ ընտրողները իր կողքին կանգնեցին, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք՝ գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։

«Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով, ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։

Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։ Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և «Մեր քաղաքը» դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու «Մեր քաղաքը» դաշինքի քվեարկություններից։

Եվ այսպես, «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»,–ասվում է հայտարարության մեջ։

Գրիգորյանը հավելել է, որ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորը գիտեն, որ ինքը ձեռքերը ծալած չի նստելու և շարունակելու է անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։

ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։

Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։